Ղրիմի վերամիավորումը ՌԴ-ին՝հարված Էրդողանի պանթուրքիզմին
https://parstoday.ir/hy/news/world-i116574-Ղրիմի_վերամիավորումը_ՌԴ_ին_հարված_Էրդողանի_պանթուրքիզմին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը և շարունակելու է հետևել Ղրիմի թաթարների վիճակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2020 06:40 Asia/Tehran
  •  Ղրիմի վերամիավորումը ՌԴ-ին՝հարված Էրդողանի պանթուրքիզմին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը և շարունակելու է հետևել Ղրիմի թաթարների վիճակին:

«Մենք պաշտպանելու ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, անօրինական ենք համարում Ղրիմի բռնակցումը: Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների կարևոր ոլորտը Ղրիմի թաթարներն են, շարունակում ենք հետևել նրանց վիճակին»,- նշել է Էրդողանը:

ԽՍՀՄ փլուզումից հետո Անկարան ուժեղացրել էր իր ազդեցությունը Ղրիմի թերակղզում՝հենվելով տեղի թաթարների վրա: Ղրիմի թերակղզին դարեր շարունակ եղել է կախվածության մեջ Օսմանյան կայսրությունից: Մինչև Ղրիմի վերամիավորումը ՌԴ-ի հետ Թուրքիան Ղրիմի թաթարներին օգտագործում էր, որպես soft power և առաջ էր տանում պանթուրքիստական ռազմավարությունը Սև ծովի կարևորագույն այդ հատվածում:

Ղրիմի վերամիավորումը ՌԴ-ի հետ ուժեղ հարված էր Անկարայի գեոպոլիտիկ շահերին Ղրիմում՝այս պահին նրանց ազդեցությունը թե Ղրիմի թաթարների վրա, թե Ղրիմի տնտեսական, քաղաքական կյանքի վրա նվազեցվել է:

Թուրքիայում բնակվում է բավականին մեծաքանակ Ղրիմի թաթարների համայնք, առկա են տարբեր համայնքային կառույցներ, որոնք գտնվում են թուրքական հետախուզության(MIT) ազդեցության տակ:

Մինչև վերջերս Ղրիմի թերակղզում թուրքական գեոպոլիտիկ շահերը սպասարկում էին նաև այնպիսի կառույցներ, ինչպիսիք են կրոնական կազմակերպություն Նուրջուլարը, որը պաշտոնապես արգելվեց ՌԴ-ի տարածքում:

Հիշեցնենք, որ Ղրիմի թաթարների մեծամասնությունը արտաքսվել էր Կենտրոնական Ասիա, իսկ 1989 թ.-ին ԽՍՀՄ-ի Գերագույն խորհուրդը դատապարտել էր Ղրիմի թաթարների արտաքսումը և այն համարել անօրինական:

Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերը Ղրիմում շարունակելու են սպառնալիք հանդիսանալ ՌԴ-ի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը: Անկարան չի ցանկանում համակերպվել այն մտքին, որ նրա շահերը Սև ծովի կարևորագույն այդ հատվածում տուժել են և Թուրքիան փորձելու է ակտիվացնել կապերն Ուկրաինայի հետ՝այդ կերպ ստեղծելով Թուրքիա-Ուկրաինա տանդեմն ընդդեմ ՌԴ-ի: Կիևի ու Անկարայի համար միավորող գործոն է հանդիսանալու Ղրիմի վերադարձն Ուկրաինայի կազմ:

Verelq.am