Անկարան հետխորհրդային տարածքում կառուցում է թյուրքական աշխարհ
https://parstoday.ir/hy/news/world-i116629-Անկարան_հետխորհրդային_տարածքում_կառուցում_է_թյուրքական_աշխարհ
Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում թյուրքական աշխարհի հետ աշխատանքը, որի համար կիրառվում են տարբեր հարթակներ(TIKA) և տրամադրվում ֆինանսներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2020 10:55 Asia/Tehran
  • Անկարան հետխորհրդային տարածքում կառուցում է թյուրքական աշխարհ

Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում թյուրքական աշխարհի հետ աշխատանքը, որի համար կիրառվում են տարբեր հարթակներ(TIKA) և տրամադրվում ֆինանսներ:

Թյուրքական աշխարհի հետ աշխատանքը համակարգվում է այդ երկրի ԱԳՆ-ի ու MIT-ի՝հատուկ ծառայության մակարդակով:

Թուրքիան ԽՍՀՄ փլուզումից հետո սկսել է ակտիվ աշխատել նաև հետխորհրդային տարածքում՝փորձելով իր ազդեցությամբ լրացնել առաջացած վակուումը: Այդպիսի երկրներից մեկը նաև Մոլդովան է, որտեղ առկա է թյուրքական բնակչությամբ Գագաուզիայի Ինքնավարությունը:

Թուրքիան մեծ ֆինանսական, շինարարական և ներդրումային ծրագրեր է իրականացնում Մոլդովայի մաս հանդիսացող Գագաուզիայի Ինքնավարության տարածքում: Գագաուզիայում գործում են համատեղ մոլդովա-թուրքական ձեռնարկություններ, ուսումնարաններ, գագաուզ ուսանողները տարբեր բարեգործական ծրագրերով ուսում են ստանում Թուրքիայի համալսարաններում:

Ի նշան երախտագիտության ինքնավարության մայրաքաղաք Կոմրատում մի քանի տարի առաջ բացվել է թուրքական աշխարհի քաղաքական գործիչների`Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի և Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրիները:

Գագաուզները թյուրքական ժողովուրդ են, ովքեր դարեր շարունակ բնակվել են Օսմանյան կայսրության տարածքում:

Չնայած գագաուզների մեծամասնությունն ուղղափառ քրիստոնյաներ են, սակայն դա չի խոչընդոտում Անկարային իր պանթուրքիստական ծրագրերը կյանքի կոչել նաև Մոլդովայում և մասնավորապես Գագաուզիայում:

Թուրքիան հետխորհրդային տարբեր երկրներում փորձում է ակտիվացնել իր արտաքին քաղաքականության պանթուրքիստական տարրն ու ամրապնդել իր գեոպոլիտիկ ներկայությունը նախկին ԽՍՀՄ տարածքում:

Թյուրքական տարրի վրա հենվելով Անկարան ցանկանում է ունենալ իր soft power այդ երկրում և նրանց միջոցով ազդեցության լծակներ ունենալ բազմաթիվ երկրների քաղաքական և տնտեսական կյանքի վրա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2018թ.-ին Մոլդովա այցի ընցաքում մասնակցել է նաև Գագաուզիայի մայրաքաղաք Կոմրատում Մոր և մանկան կենտրոնի, հիվանդանոցի և մանկապարտեզի բացմանը, որոնք կառուցվել են Անկարայի աջակցությամբ:

Չմոռանանք, որ Մոլդովան մտնում է նաև ՎՈւԱՄ-ի կազմի մեջ: Այդ կազմակերպության անդամ-երկրները ցանկանում են նվազեցնել իրենց կախվածությունը ՌԴ-ից և ՎՈւԱՄ-ը համարվում է հակառուսական հարթակ:

ՎՈւԱՄ-ը`Վրաստանը, Ուկրաիանին, Ադրբեջանը և Մոլդովան միավորող կազմակերությունը ստեղծվել է 1997թ.-ին և ըստ կազմակերպության հռչակագրի միտված է զարգացնել առևտրա-տնտեսական հարաբերությունները և ժողովրդավարական արժեքները անդամ-երկրների միջև:

Թուրքիան, փաստորեն, Արևմուտքի հետ միասին աշխատում է նվազեցնել Մոսկվայի ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում՝ունենալով այդ երկրներում սեփական ազդեցության լծակներն ու իր շահերը սպասարկող խմբեր: 

Verelq.am