Աֆղանստանում ԱՄՆ 2 զինվորական է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
Աֆղանստանի Նանգարհար շրջանում աֆղանական համազգեստով անհայտ անձի հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ երկու զինվորական, վիրավորվել՝ ևս 6 հոգի, հայտնում է TOLOnews -ը՝ հղում տալով Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ Սոնի Լեգեթի հայտարարությանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շաբաթ օրը Նանգարհար շրջանում հատուկ գործողություններ իրականացնող ԱՄՆ-ի և Աֆղանստանի համատեղ զինվորական ուժերը հրետակոծության են ենթարկվել։Որևէ խմբավորում դեռևս չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը։ New York Times–ը, հղում տալով աֆղանական աղբյուրներին, հայտնել էր, որ հրետակոծության հետևանքով զոհվել է ԱՄՆ «հինգ կամ վեց» և Աֆղանստանի վեց զինվորական։«Նանգարհար նահանգի Շերզադ շրջանում փետրվարի 8-ին հրետակոծման հետևանքով զոհվել է երկու ամերիկացի զինծառայող, վիրավորվել է ևս վեց հոգի, ստացվող հաղորդումները ցույց են տալիս, որ աֆղանական համազգեստով տղամարդը գնդացրից կրակ է բացել Միացյալ Նահանգների և Աֆղանստանի համատեղ ուժերի վրա», - ասվում է հայտարարության մեջ։«Մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում, հարձակման պատճառները կամ շարժառիթներն առայժմ հայտնի չեն»,- հավելել է Լեգեթը։
https://www.tert.am/am/news/2020/02/09/usa-victims/3206111