Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կիրակի` ապրիլի 10-ին, հայտարարել է Ուկրաինայի կառավարության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին: Այս մասին նա հաղորդել է «10 րոպե վարչապետի հետ» հաղորդման եթերում, որը հեռարձակվում է ուկրաինական հեռուստաալիքներով:
Նրա խոսքով` լիազորությունները վայր դնելու մասին հայտը խորհրդարան է ներկայացվելու երեքշաբթի` ապրիլի 12-ին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Դրա հետ մեկտեղ Յացենյուկն ընդգծել է, որ չնայած վարչապետի պաշտոնը լքելու որոշմանը` «Ազգային ճակատ» կուսակցության խմբակցությունը Գերագույն ռադայում մնալու է կոալիցիայի մեջ:
Քաղաքական գործիչը բացատրել է, որ իր որոշումը թելադրված է եղել մի շարք հանգամանքներով:
«Երկրում քաղաքական ճգնաժամն արհեստականորեն է հրահրված: Մեկ մարդուն փոխելու ցանկությունը կուրացրել է քաղաքական գործիչներին և կաթվածահար է արել նրանց կամքը իրական փոփոխություններ կատարելու ուղղությամբ: Կառավարության փոփոխության գործընթացը վերածվել է անմիտ տեղում վազքի: Ճգնաժամի հեղինակները դարձել են իրավիճակի պատանդները և մեզ բոլորիս` կառավարությունը, հասարակությունը, պետությունը նույնպես պատանդ են սարքել», - ասել է Յացենյուկը:
Արսենի Յացենյուկը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ նոր կառավարությունը որքան հնարավոր է շուտ կձևավորվի: