Թուրքիայի քաղաքացիների երեք չորրորդը լավատես չէ ապագայի նկատմամբ
Թուրքիայի ռազմավարական և սոցիալական հետազոտությունների Metropol կենտրոնի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքում հայտնի է դարձել, որ այդ երկրի քաղաքացիների ընդհամենը 24 տոկոսն է լավատես ապագայի նկատմամբ, իսկ 76 տոկոսը հույս չունի, որ պայմանները կբարելավվեն։ Այս մասին հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը։
Թուրք տնտեսագետ և վերլուծաբան Էսֆանդյար Քուրքմազը Թուրքիայի քաղաքացիների գոհունակությունից կամ դժգոհությունից պարզ պատկեր ներկայացնելու նպատակով, ուսումնասիրել է նրանց շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքները։ Նրա այդ կապակցությամբ ներկայացրած հոդվածը լույս է տեսել «Ենի Չաղ» թերթում։ Թուրք վերլուծաբանի կարծիքով՝ պետական կառույցների կողմից հավաքված տեղեկություններն ու վիճակագրական տվյալները վկայում են Թուրքիայի ժողովրդի շրջանում գոյություն ունեցող հուսահատության մասին։
10 օր առաջ Թուրքիայի վիճակագրական կենտրոնը (TÜİK) հրապարակել է այդ երկրի քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում ձեռքբերված վիճակագրական տվյալները, որոնք վկայում են, որ քաղաքացիների գոհունակության մակարդակը նվազել է: