ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի հակահայկական զեկույցը
https://parstoday.ir/hy/news/world-i1225-ԵԽԽՎ_ն_մերժեց_Ուոլթերի_հակահայկական_զեկույցը
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Զեկույցին կողմ քեվարկեց 66, դեմ 70 պատգամավոր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2016 12:30 Asia/Tehran
  • ԵԽԽՎ-ն մերժեց Ուոլթերի հակահայկական զեկույցը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Զեկույցին կողմ քեվարկեց 66, դեմ 70 պատգամավոր:

ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի հունվարի 26-ի նիստում հնչել են հակահայկական զեկույցները քննադատող ելույթներ: Զեկույցների ընդունմանը դեմ են արտահայտվել Եվրոպական ժողովրդական, Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալիստական կուսակցությունների ներակայացուցիչները:

Խոսելով Ուոլթերի զեկույցի մասին` ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուքեն (Սոցիալիստ) հիշատակեց Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունները, որոնք անընդունելի են համարում ՄԽ ձևաչափի տապալման քայլերը: «Կողմերից մեկի կարծիքն առաջ տանելու փոխարեն զեկուցողը լավ կաներ քայլեր ձեռնարկել` ամրապնդելու Մինսկի խմբի դիրքերը: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, լինելով հեղինակավոր կառույց, պետք է ձգտի կողմերի միջև ոչ ֆորմալ երկխոսություն հաստատել»,-հայտարարեց Ռուքեն` ընդգծելով, որ դեմ է քվեարկելու զեկույցին: Նա Ուոլթերի զեկույցը համարում է կողմնակալ ու նման գործելաոճը ոչ հարիր է համարում ԵԽԽՎ-ին:

Պատգամավոր Ռուդի Սալը (Ֆրանսիա, ԵԺԿ, ՔԴ) ընդգծեց, որ Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչը «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը պատրաստել է առանց լինելու տեղանքում, որին վերաբերում է զեկույցը: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման գործում, և նման զեկույցների ներկայացումը կվտանգի կարգավորման գործընթացը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համոզմունք հայտնեց Սալը:

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համացանցում ստորագրահավաք է նախաձեռնել՝ ընդդեմ ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցների: Առցանց ստորագրահավաքին միացել է ավելի քան 8 հազար մարդ: