Թուրքիայի նոր արկածախնդրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i124558-Թուրքիայի_նոր_արկածախնդրությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն օգոստոսի 21-ին կհայտարարի գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման եւ Թուրքիային սպասվող տնտեսական հրաշքի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2020 11:54 Asia/Tehran
  • Թուրքիայի նոր արկածախնդրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն օգոստոսի 21-ին կհայտարարի գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման եւ Թուրքիային սպասվող տնտեսական հրաշքի մասին:

Ոմանք պնդում են, որ հանքավայրը Սեւ ծովում է, ոմանք էլ պնդում են, որ ածխաջրածինների պաշարները հայտնաբերվել են Միջերկրական ծովի արեւելյան մասում: Բայց քանի որ Միջերկրականում Թուրքիան լուրջ խնդիրներ ունի, գազը «հայտնաբերվել» է Սեւ ծովում:

Haberturk-ը հայտնում է, որ Fatih-1 հորատող նավը գազ է հայտնաբերել Սեւ ծով Դունայի թափվելու շրջանում, Բուլղարիայի սահմանից ոչ հեռու:

Փորձագետներն ասում են, որ եթե գազի պաշարները հաստատվեն, Թուրքիան կարող է լիովին հրաժարվել ռուսական գազից: Թեեւ, ինչպես ասում է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Էմիլ Մուստաֆաեւը, Թուրքիան արդեն իսկ հրաժարվել է Գազպրոմից եւ անցել ադրբեջանական գազի: Նրա կարծիքով, Տավուշի ուղղությամբ մարտերը դարձան Ադրբեջանի, Թուրքիայի ու Եվրամիության միջեւ հաղորդակցություններին ռուսական էներգետիկ հսկաների սպառնալիքի յուրատեսակ ցուցադրություն:

Մինչեւ վերջերս Թուրքիան Գերմանիայից հետո ռուսական գազի երկրորդ ամենախոշոր սպառողն էր: Ներկայում Գազպրոմի բաժինը կրճատվել է 10-15 անգամ:

Ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը գտնում է, որ ադրբեջանական նավթա-գազային խողովակաշարերի նույնիսկ ժամանակավոր խափանումը կարող է աջակցություն լինել Գազպրոմին ու Ռոսնեֆտին, ինչպես նաեւ «բոլորին համոզել, որ ադրբեջանական երթուղին հուսալի չէ, եւ պետք է գործ ունենալ ռուսական մատակարարների հետ»:

Իրադարձությունների զարգացման դինամիկան ցույց է տալիս, որ Ալիեւն ու Էրդողանը փորձել են խոշոր արկածախնդրություն խաղարկել: Նախ Թուրքիան Ռուսաստանին ստիպել է միլիարդներ ծախսել ստորջրյա խողովակաշարի վրա, հետո գրեթե դադարեցրել գազի գնումները Ռուսաստանից: Զուգահեռ Թուրքիան ու Ադրբեջանն արեւմտյան ներդրումներով խողովակաշար են անցկացրել Վրաստանով ու Թուրքիայով դեպի Եվրոպա, սակայն այդպես էլ չեն հասել Թուրքմենստանից Բաքու խողովակաշարի կառուցման համաձայնության: ԹԱՆԱՓ-ն առանց թուրքմենական գազի չի հաջողվի, եւ Անկարան խնդիրներ կունենա ներդրողների առջեւ:

Էրդողանը փորձել է ազատվել այդ խնդրից. Ալիեւի օգնությամբ Թուրքիան լարվածություն է հրահրել Հայաստանի սահմանին, խողովակաշարին հարված հասցնելու եւ Հայաստանին ու Ռուսաստանին դրանում մեղադրելու համար: Այդ հնարքը չստացվեց, եւ դժվար թե Եվրոպայում հավատային դրան: Եվ այդժամ Էրդողանը ստիպված էր շտապ գազ գտնել: Միջերկրական ծովում նա բախվեց Եվրոպայի ու Իսրայելի դիմադրությանը, եւ հիմա հայտարարում է, թե գազ է գտել Սեւ ծովում:

Էրդողանն ու Ալիեւը պետք է վերադարձնեն պարտքերը, եւ նրանք որոշել են Եվրոպայում ռուսական գազային մահակը փոխարինել թուրքականով: Սակայն Տավուշի արկածախնդրությունը չստացվեց: Ալիեւն աշխատանքից ազատեց Մամեդյարովին, ով դեռ մինչեւ Տավուշի մարտերը դիմել էր եվրոպական պետություններին եւ զգուշացրել «հաղորդակցություններին սպառնացող վտանգի մասին»:

Հիմա սկսում է արկածախնդրության երկրորդ մասը՝ Թուրքիան գազ է գտել Սեւ ծովում:

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio