Թուրքիան դրել է ՆԱՏՕ ու ԵՄ լինել-չլինելու հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i125355-Թուրքիան_դրել_է_ՆԱՏՕ_ու_ԵՄ_լինել_չլինելու_հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան միջերկրածովյան ռեգիոնում այլևս գործընկեր չէ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2020 09:04 Asia/Tehran
  • Թուրքիան դրել է ՆԱՏՕ ու ԵՄ լինել-չլինելու հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան միջերկրածովյան ռեգիոնում այլևս գործընկեր չէ:

 Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պետք է միասնական ու հստակ խոսք ասի Թուրքիայի գործողությունների դեմ: Միջերկրածովյան ռեգիոնում նավթի ու գազի պաշարների հորատման հարցում Անկարան փաստացի պատերազմ է հայտարարել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե լոկ Հունաստանին կամ Կիպրոսին:

Խոշոր հաշվով, միջերկրածովյան ռեգիոնում լուծվում է ոչ թե գազի կամ նավթի պաշարների տնօրինման, այլ ուղղակի հենց Եվրամիության ու առավել ևս ՆԱՏՕ ճակատագիրը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ԵՄ անդամ չէ, իսկ ահա ՆԱՏՕ՝ անդամ է: Հարցն այլևս այն չէ, որ Թուրքիան միջերկրածովյան ռեգիոնում արդեն գործընկեր չէ: Թուրքիան գործընկեր չէ որևէ ռեգիոնում: Տվյալ պարագայում հարցն այլ է՝ իսկ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրները գործընկեր կամ դաշնակի՞ց են, թե՞ ոչ: Անկարան ներկայումս կասկածի՝ մեծ կասկածի տակ է դրել հենց այդ հարցը, այն էլ այնպիսի կազմակերպությունների համար, որոնք համաշխարհային կյանքում առաջատար և առաջադեմ, արդիական օրինակներ էին որպես միասնական տնտեսական, ռազմա-քաղաքական կառույցներ, բլոկներ, տարածություններ:

Անկարան կասկածի տակ է դրել այդ հարցը, ու Եվրամիությունը և ՆԱՏՕ կամ կգտնեն դրա պատասխանը և միասնական պատասխանով իր շրջանակների մեջ կդնեն Թուրքիային, կամ Միջերկրական ծովում կարձանագրվի ԵՄ և ՆԱՏՕ դե ֆակտո խորտակումը: Իսկ այդ հարցն այլևս միջազգային անվտանգության հարց է, քանի որ՝ եթե չեն աշխատում արդեն նաև ՆԱՏՕ ու ԵՄ սկզբունքները, մեխանիզմները, ապա դա նշանակում է, որ աշխարհում չի աշխատում ոչինչ: Սա էլ, մեծ հաշվով, կարելի է չհամարել նորություն՝ այն իմաստով, որ աշխարհակարգի փլուզումը արդեն տարիների փաստ է: Ամբողջ հարցն այն է, որ վերոհիշյալ կառույցները կազմում էին դրա ողնաշարը և, եթե այն այլևս գոյություն չունի, պետք է արձանագրել այդ հարցը, ինքնախաբեության միջավայր թույլ չտալու համար, քանի որ այդ դեպքում արդեն թե՛ ՆԱՏՕ, թե՛ ԵՄ միջազգային անվտանգության և կայունության գլխավոր երաշխավորների, անգամ օրինակելի երաշխավորների կարգավիճակից կանցնեն արդեն գլխավոր սպառնալիքի կարգավիճակի, քանի որ լինելով անկենսունակ, իրենց գոյությամբ, այդուհանդերձ, կվերածվեն միջազգային խուլիգաններից ոմանք թաքստոցի կամ մանիպուլյացիայի առարկայի: Սա կենսական հարց է, որ շոշափում է նաև Հայաստանի անվտանգային օրակարգային հրատապ շահերը: Թուրքիան դրել է ՆԱՏՕ ու ԵՄ լինել-չլինելու հարցը

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio