Բեռլինի թուրքական սայթաքումը Կովկասում
https://parstoday.ir/hy/news/world-i125808-Բեռլինի_թուրքական_սայթաքումը_Կովկասում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի առիթով տեսուղերձում խոսել է ՄԱԿ անվտանգության խորհրդի ռեֆորմի անհրաժեշտության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2020 18:41 Asia/Tehran
  • Բեռլինի թուրքական սայթաքումը Կովկասում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի առիթով տեսուղերձում խոսել է ՄԱԿ անվտանգության խորհրդի ռեֆորմի անհրաժեշտության մասին:

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ այժմ բոլորովին այլ աշխարհ է, եւ կա ՄԱԿ ԱԽ վերափոխման խնդիր: ՄԱԿ անվտանգության խորհուրդը ունի հինգ մշտական անդամի կորիզը, որոնք ունեն Վետոյի իրավունք՝ Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա: Դրանք հինգ միջուկային տերություններն են, թեեւ այսօր այդպիսի տերությունների թիվն աշխարհում ավելին է: Միեւնույն ժամանակ, փոխվել է նաեւ աշխարհքաղաքական ուժային հարաբերակցությունը, առավել եւս Գերմանիայի առումով:

Բեռլինը, որ Յալթայի աշխարհում որպես պարտված կողմ դուրս է մնացել անվտանգային որոշիչ մեխանիզմից, ներկայում ունի մեծ դերակատարում եւ ուզում է վերանայել այդ մեխանիզմը:

Կստացվի՞ դա անել, թե՞ հինգ պետությունները կպահեն ձեւաչափը:

Մյուս կողմից, անկասկած է, որ փոխվում է աշխարհը եւ հետպատերազմյան աշխարհն այլեւս գոյություն չունի: Տեղի են ունենում ռեգիոնալ անվտանգային համակարգերի արմատական վերափոխումներ, գործնականում բոլոր ուղղություններով: Դա պահանջում է միջազգային անվտանգային համակարգի կառավարման նոր սխեմա: Բայց անկասկած է, որ այդ սխեման կարող է ձեւավորվել միայն այն դեպքում, երբ որոշակիորեն պարզ կլինի, թե ինչ համակարգեր են բյուրեղացել ռեգիոններում:

Այդ իմաստով, ՄԱԿ ԱԽ գործնականում գոյություն էլ չունի: Միջազգային անվտանգությունը ներկայում սպասարկվում է ռեգիոնալ մեխանիզմներով: Կովկասում, օրինակ, այդ մեխանիզմը Մինսկի խմբի համանախագահությունն է, որը ֆորմալ առումով զբաղվում է Արցախի հարցով, սակայն դե ֆակտո ունի ռեգիոնալ անվտանգության ամբողջական մեխանիզմի տրամաբանություն: Հատկանշական է, որ դրա անդամ են ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամից երեքը:

Մյուս կողմից, այդ ձեւաչափից դուրս են Կովկասի անվտանգային միջավայրի տեսանկյունից երկու այլ առանցքային դերակատար՝ Թուրքիան եւ Իրանը, իհարկե բոլորովին տարբեր շարժառիթային մղումներով եւ հավակնություններով: Եթե Իրանը խաղում է ռեգիոնալ կայունության վրա, ապա Թուրքիան հակառակը՝ ապակայունացման եւ շանտաժի տրամաբանությամբ:

Վերջին շաբաթներին այդ խաղն ավելի է ուժգնացել, այն բանից հետո, երբ Անկարան կլանեց Բաքվին: Ի տարբերություն Գերմանիայի, որի կանցլերը կոչ է անում վերանայել միջազգային անվտանգության կառավարման մեխանիզմները, Անկարան գործնականում զբաղված է այդ համակարգը վերանայելով եւ տարբեր ռեգիոններում նոր իրավիճակներ ստեղծելով: Կովկասն այդ իմաստով դրա ակնառու վկայությունն է, առավել եւս 2018 թվականին Գերմանիայի կանցլերի ռեգիոնալ այցի համատեքստում:

Ի՞նչ է ստացել Եվրամիության առաջատարն այդ այցից, եւ ինչ է մնացել Կովկասում՝ Եվրամիության առաջատարի այցից հետո: Մինչդեռ, կասկածից վեր է, որ Կովկասը թե միջազգային, թե մասնավորապես եվրատլանտյան անվտանգության համակարգի առանցքային օղակ է: Այդ օղակում ներկայում ավելի մեծ դեր ունի Եվրամիության «կոկորդին» դանակը դրած Անկարան, քան առաջատար Գերմանիան: Բեռլինին թերեւս հարկ է խորհել այդ մասին:

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio