Երասխավանում Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման փաստով հարուցված քրգործը վերաորակվել է
https://parstoday.ir/hy/news/world-i130597-Երասխավանում_Ադրբեջանի_կողմից_ռուսական_ուղղաթիռի_խոցման_փաստով_հարուցված_քրգործը_վերաորակվել_է
Ռուս ռազմական քննիչները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման առնչությամբ հարուցված քրեական գործը վերաորակվել առավել ծանր հոդվածի շրջանակներում (կանխամտածված սպանություն): Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2021 13:52 Asia/Tehran
  • Երասխավանում Ադրբեջանի կողմից ռուսական  ուղղաթիռի խոցման փաստով հարուցված քրգործը վերաորակվել է

Ռուս ռազմական քննիչները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման առնչությամբ հարուցված քրեական գործը վերաորակվել առավել ծանր հոդվածի շրջանակներում (կանխամտածված սպանություն): Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին:

«Քրեական գործը, որը սկզբնապես հարուցվել էր ՌԴ ՔՕ 351-րդ հոդվածի (չվերթների կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան) համաձայն, վերաորակվել է առավել ծանր հոդվածի՝ 105-րդ հոդված մաս 2 (երկու կամ ավելի անձանց կանխամտածված սպանություն)»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Վերջինս մասնավորեցրել է, որ եթե առաջին հոդվածի պարագայում նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում, ապա երկրորդով՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Աղբյուրն ընդգծել է, որ տվյալ որոշումն ընդունվել է գործի շրջանակներում իրականացված քննչական օպերատիվ գործողությունների արդյունքում:

«Չնայած հանցագործության ակնհայտությանը՝ քննիչները պետք է սկզբում գործ հարուցեին այն հոդվածով, որով սովորաբար հետաքննվում են նման միջադեպերը, այնուհետև նոր նյութեր հավաքեին գործի առավել հստակ դասակարգման համար, ինչն էլ արվել է»,- հավելել է գործակալության զրուցակիցը:

Վերջինս դժվարացել է նշել, թե որքան կտևի գործի քննությունը: Նրա խոսքով՝ գործի քննությունը վարում են Գյումրիի ռուսական բազայում գտնվող ռազմական քննիչները:

Հիշեցնենք, որ ռուսական Մի-24 հարվածային ուղղաթիռն ադրբեջանական ուժերի կողմից խոցվել է անցյալ տարվա նոյեմբերի 9-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում: Կատարվածի հետևանքով երկու ռուս զինծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մի-24 ուղղաթիռը պատահաբար է խոցվել:

operativ.am