Կրակել են Մարսելի հայկական մշակութային կենտրոնի ուղղությամբ
Կոտրվել է սենյակներից մեկի պատուհանի ապակին, որտեղ այդ պահին երաժշտության դաս էր անցկացվում։
Անհայտ անձը կրակոցներ է արձակել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ։ «Հայերն այսօր»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին:
«Սա հայկական ամենախորհրդանշական կենտրոններից մեկն է: Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Անհանգստությունս անսահման է: Վստահ եմ՝ կառավարությունը կերաշխավորի հետագա անվտանգ գործունեությունն ապահովելու համար: Մենք անկոտրում ենք», - պարբերականի հետ զրույցում ասել է «Աբովյան» վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը:
Արձակված փամփուշտը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ այդ պահին դաշնամուրի դաս էր անցկացվում: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի առնչությամբ Մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն: Ոստիկանության ծառայողներն արդեն այցելել են դեպքի վայր և ուսումնասիրել այն։
Հավելենք, որ Մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի օրերին այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:
Պարբերականը հիշեցնում է, որ մինչ այս հարձակումը նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, պղծվել էին Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը։
Հիշեցնենք՝ նոյեմբերին կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվեց Ֆրանսիայի տարածքում:
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio