Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել այաթոլլա ալ Սիստանիին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իրաք կատարած այցի երկրորդ օրը հանդիպել է իրաքյան շիաների ամենաազդեցիկ հոգևոր անձի՝ մեծն այաթոլլա Ալի ալ Սիստանիի հետ։
Շիաների համար սրբազան Նաջաֆ քաղաքում 90-ամյա այաթոլլան Ֆրանցիսկոս պապին ընդունել է իր տանը։
Հանդիպման ընթացքում հոգևոր առաջնորդները քննարկել են իրաքցի քրիստոնյաների ճակատագիրը, որոնք վերջին տարիներին բազմիցս հարձակումների զոհ են դարձել։
Միլիոնավոր շիա մուսուլմանների հոգևոր առաջնորդ այաթոլլա ալ-Սիստանիի ներկայացուցիչը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել խաղաղությանը։
Սա պոնտիֆիկոսի առաջին այցն է Իրաք, և նրա առաջին միջազգային այցն է կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր։ Վատիկանի առաջնորդը Իրաք է մեկնել՝ չնայած այդ երկրում Covid-19-ի բարձր ցուցանիշներին։ 84-ամյա Ֆրանցիսկոսն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ պարտավորված է զգում «նշանային» քառօրյա այց կատարել Իրաք։
ilur.am