Փարիզում երկրորդ օրն է՝ շարունակվում է տաքսիստների գործադուլը
Պաշտոնական տաքսիների վարորդները շարունակում են գործադուլ անել Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում՝ բողոքելով անօրինական փոխադրողների, նաև մասնավոր տաքսի պատվիրելու հնարավորություն տվող ծառայությունների, այդ թվում՝ Uber-ի դեմ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Նախօրեին բողոքի ակցիային մասնակցել է մոտ 2 000 տաքսիստ: Գործադուլի օրը տեղի ունեցած մի շարք պատահարների պատճառով 18 վարորդի մեղադրանքներ են առաջադրվել տարբեր հոդվածներով, այդ թվում՝ անկարգություններին մասնակցելու, հրկիզումներ իրականացնելու, զենք կրելու համար:
Գործակալությունը հայտնում է, որ չորեքշաբթի առավոտյան տաքսիսիտները նորից փակել են դեպի Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր Շառլ դե Գոլի անվան և Օրլի օդանավակայաններ տանող անցումները: Տաքսիստները նաև մասամբ սահմանափակել են երթևեկությունը Փարիզի մի քանի շրջաններում, մասնավորապես, Ֆրանսիայի ֆինանսների նախարարության շենքի մոտ:
Սա տաքսիստների առաջին բողոքը չէ VTC համակարգի դեմ, որը ենթադրում է վարորդով ավտոմեքենայի վարձույթ: Այդպիսի սխեմայով են աշխատում Uber-ը, Allocab, Chauffeur-Prive, Cinq-S, Marcel, SnapCar և այլ ընկերություններ: Փարիզում տաքսիստ լինելու իրավունքի համար պահանջվում է վճարել 50-250 000 եվրո, իսկ VTC գրանցելը զգալիորեն ավելի հեշտ ու էժան է: Ըստ տաքսու վարորդների՝ այդ հանգամանքները նպաստում են մրցակցության աճին, որում իրենք պարտվում են:
Տաքսիստները պահանջում են կա´մ VTC-ի արգելք, կա´մ փոխհատուցումներ, որոնք պաշտոնական տաքսիստներին հնարավորություն կտան մնալ ջրի երեսին: Նրանք մտադիր են գործադուլը շարունակել, մինչև իրենց պահանջները կատարվեն: