Պեսկով.Ռուսաստանը ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները անպատասխան չի թողնի
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները համարելով խոչընդոտ երկու երկրի նախագահների հավանական հանդիպման համար, ընդգծել է.«Մոսկվան անպատասխան չի թողնի Վաշինգտոնի պատժամիջոցները»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու մեղադրանքով Ռուսաստանի քաղաքացիների ու ռուսական կառույցների դեմ պատժամիջոցներ սահմանելու Վաշինգտոնի կայացրած որոշմանը, Դմիտրի Պեսկովը հայտարարել է.«Ռուսաստանն արձագանքելով ԱՄՆ-ի քայլին, համարժեք պատասխան կտա վերջինիս»:
Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է պետական ու հետախուզական ոլորտի 12 պաշտոնյաների և 20 ռուսական կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ սահմանել, իսկ 10 ռուսաստանցի դիվանագետի վտարել երկրից: Որպես պատճառ նշվել են կիբերհարձակումներն ու ընտրությունների ժամանակ Մոսկվային վերագրվող միջամտությունները: Ռուսաստանը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները:
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում առկա լարվածությունների հետևանքով, Վաշինգտոնը մի քանի փուլ պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ: