Ֆրանսիացի պատգամավոր. Եվրոպայի Խորհրդում աննախադեպ գործընթաց է սկսվել Ադրբեջանի դեմ
«Դեկտեմբերին Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը որոշում էր կայացրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 52-րդ հոդվածի համաձայն հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի դրույթների արդյունավետ կատարման առնչությամբ:
Սա չափազանց հազվադեպ կիրառվող ընթացակարգ է և սա առաջին անգամ է, որ պարոն Յագլանդը նման որոշում է կայացրել: Սա ցույց է տալիս, որ ԵԽԽՎ միայնակ է իր այն դիրքորոշման հարցում, թե Ադրբեջանը լիովին հավատարիմ է Կազմակերպության արժեքներին: Եվ այս պատճառով ես կոչ եմ անում իմ գործընկերներին մերժել քվեարկության դրված երկու բանաձևերը»,-համաձայն ԵԽԽՎ պաշտոնական կայքի, այսպիսի աննախադեպ հայտարարությամբ է հանդես եկել ֆրանսիացի պատգամավոր, ԵԽԽՎ անդամ Ռուդի Սալլը (Rudy Salles) երեկ, հունվարի 26-ին, ելույթ ունենալով բրիտանացի արդեն նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի զեկույցների և դրանց հիման վրա կազմված բանաձևերի քննարկմանը:
«Մեր քվեարկությունը պարոն Ուոլթերի և տիկին Մարկովիչի ներկայացրած զեկույցների համար այսօր հատկապես կարևոր է մեր Վեհաժողովի ապագայի և նրա նկատմամբ վստահության տեսանկյունից», - ասել է ֆրանսիացի խորհրդարանականը:
Պնդելով, որ Մարկովիչն ու Ուոլթերը շատ միակողմանի զեկույցներ և բանաձևերի նախագծեր են ներկայացրել, որոնք միարժեքորեն համընկնում են Ադրբեջանի քարոզչական թեզերի հետ, Սալլը շարունակել է. «Ես ցնցված եմ այս իրավիճակից: Շատ ամիսներ շարունակ Ադրբեջանը հատուկ վերաբերմունքի է արժանացել Վեհաժողովի զեկույցներում, չնայած մարդու իրավունքների կրկնվող խախտումներին և օրենքի գերակայության հետ կապված վիճակին: ԵԽԽՎ-ն միակ կազմակերպությունն էր, որ այցելել էր Բաքու՝ պառլամենտական ընտրությունները դիտարկելու նպատակով, բայց նրանց ներկայացրած զեկույցը շատ մեղմ է, չնայած ընտրախախտումների հաստատված դեպքերին: Սա պարզապես անընդունելի է»:
Նույն օրը, հունվարի 26-ին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Ադրբեջանում մարդու իրավունքների մի շարք պաշտպանների և ակտիվիստների հետ:
Panorama.am
27/1/2016