Անդրկովկասում շուտով կսկսվի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը. ՌԴ փոխվարչապետ
https://parstoday.ir/hy/news/world-i141646-Անդրկովկասում_շուտով_կսկսվի_տրանսպորտային_ուղիների_ապաշրջափակումը._ՌԴ_փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետը նաև հայտնել է, որ Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետը կախված է Երևանից և Բաքվից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2021 14:12 Asia/Tehran
  • Անդրկովկասում շուտով կսկսվի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը. ՌԴ փոխվարչապետ

ՌԴ փոխվարչապետը նաև հայտնել է, որ Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետը կախված է Երևանից և Բաքվից:

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հույս է հայտնել, որ Անդրկովկասում շուտով կսկսվի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը:  ՌԴ փոխվարչապետն այս հայտարարությամբ հանդս է եկել Տվերի վագոնաշինական գործարանում արտադրված 20 նոր մարդատար վագոնները Հայաստանի «Հարավկովկասյան երկաթուղուն» ուղարկելու արարողության ժամանակ։

«Մենք բոլորս հուսով ու հավատով ենք, որ այստեղ ողջամտությունը կգերակշռի, և մենք շուտով կկարողանանք սկսել Անդրկովկասի տրանսպորտային ուղիները ապաշրջափակման գործընթացը», - ասել է Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետը նաև հայտնել է, որ Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետը կախված է Երևանից և Բաքվից: 

«Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքները մինչ այժմ բավականին կառուցողական են եղել»,– ասել է նա` հույս հայտնելով, որ կողմերի ողջախոհության շնորհիվ հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի և Ադրբեջանի և համապատասխանաբար Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ճանապարհային երթևեկության համար։

Կարևորելով  նոր վագոնների մատակարարումը Հայաստանի համար` Օվերչուկը հայտնել է, որ ևս 7 նոր վագոն նախատեսնում է Հայաստան ուղարկել  մինչև 2021թ–ի հունիսի վերջը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

 armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio