ՄԱԿ-ն ահազանգել է Աֆղանստանում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ
Աֆղանստանում սպասվող ցրտերին ընդառաջ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNHCR) հերթական անգամ ահազանգել է այդ երկրում հումանիտար ճգնաժամի մասին։
Նոյեմբերի 4-ին, մտահոգություն հայտնելով Աֆղանստանի ներքին տեղահանվածների ծանր վիճակի կապակցությամբ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն ասել է.«Պատերազմի և անապահովության տարիներին Աֆղանստանում տեղահանվել է 3.5 միլիոն մարդ»:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիցը հայտարարել էր, որ Աֆղանստանը գտնվում է լուրջ հումանիտար ճգնաժամի եզրին, ուստի անհրաժեշտ է միջազգային գործընկերություն՝ հիմնված թալիբների հետ փոխըմբռնման վրա։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) վերջերս հայտարարեց, որ Աֆղանստանի տնտեսությունը փլուզվում է, և որ ընտանիքների 95 տոկոսը բավարար սնունդ չունի: