ԶԼՄ-ներ. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կմասնակցեն Հնդկաստանի խոշորագույն զորավարժություններին
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ներկայացված կլինեն Հնդկաստանի ռազմածովային ուժերի ամենամեծ զորավարժություններում, որոնք կսկսվեն փետրվարի վերջին, հայտնում է Hindu-ն՝ վկայակոչելով աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուկրաինայի շուրջ աճող լարվածության ֆոնին ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն այս ամսվա վերջին կմասնակցեն Հնդկաստանի պատմության մեջ ամենամեծ ծովային զորավարժություններին: Պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնել են, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Միացյալ Նահանգները հաստատել են իրենց մասնակցությունը «Միլան 2022» զորավարժություններին, որոնք տեղի կունենան փետրվարի 26-ից մարտի 4-ը»,- հայտնում է պարբերականը:
Դեռ պարզ չէ՝ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կուղարկեն իրենց նավերը, թե՞ կմասնակցեն նավատորմի ներկայացուցիչների մակարդակով։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Հնդկաստանը զորավարժություններին 46 երկիր է հրավիրել, որոնցից ավելի քան 35-ը հաստատել են մասնակցությունը։
«Միլան»-ը (հինդիից թարգ.՝ «հանդիպում») երկամյա բազմակողմ ռազմածովային զորավարժություն է, որն անցկացվում է Հնդկաստանի ՌԾՈւ-ի կողմից։
Այս տարի առաջին անգամ զորավարժությունները կանցկացվեն Վիշախապատնամում՝ Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիների հրամանատարության փոխարեն, որտեղ անցկացվում են 1995 թվականից։ Զորավարժությունների վայրի տեղափոխումը պայմանավորված է մասնակիցների մեծ թվով։
«Զորավարժությունների նպատակն է կատարելագործել օպերատիվ հմտությունները, յուրացնել լավագույն փորձը եւ ընթացակարգերը եւ ապահովել դոկտրինների ուսումնասիրությունը ծովային ոլորտում՝ բարեկամական նավատորմերի միջեւ մասնագիտական փոխգործակցության միջոցով»,- հայտնել են աղբյուրները:
«Միլան 2022» զորավարժություններն ամենամեծ բազմակողմ ռազմածովային զորավարժությունները կդառնան ոչ միայն Հնդկաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում։
news.am