ՌԴ-ն կհետեւի Լուսնի վրա օտարերկրացիների գործունեությանը ավտոմատիկ կայանից
«Լուսին-26» ռուսական ավտոմատիկ միջմոլորակային կայանը թույլ կտա հետեւել Լուսնի մակերեւույթին օտարերկրյա պետական եւ մասնավոր տիեզերական սարքերի գործունեությանը: Այդ մասին կիրակի հայտնել են «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Լուսնային ռեսուրսների հատկությունների պարզումն ու հետախուզումը, ինչպես նաեւ Լուսնի վրա օտարերկրյա պետական ու մասնավորական տիեզերական սարքերի գործունեության հսկողությունն ու գնահատումը կդառնան ռուսական հետազոտության երկարաժամկետ ծրագրի եւ Երկրի «հարեւանուհու» յուրացման կարեւոր խնդիրները»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը նվիրված է «Լուսին-26» ավտոմատիկ միջմոլորակային կայանի աշխատանքի ծրագրերի նկարագրությանը, որի մեկնարկը նախատեսվում է 2024 թվականին:
Պետական կորպորացիայի տվյալներով՝ Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը (ներառված է Ռոսկոսմոսի կազմի մեջ) մշակում է գիտափորձ քիչ նկատելի օբյեկտներ հայտնաբերելու համար: Նախատեսվում է, որ տիեզերական սարքը, որը կուղեւորվի դեպի Երկրի բնական արբանյակը «Լուսին-26»-ից հետո, կուսումնասիրի ցածր արտացոլման ունակությամբ եւ մի քանի սանտիմետր չափսերով օբյեկտների հատկությունները Լուսնի շրջանում ուղեծրից ինֆրակարմիր դիապազոնի օպտիկաէլեկտրոնային սարքավորումների միջոցով:
«Ջերմաստիճանի, սեւության աստիճանի եւ օբյեկտների չափսերի հեռավար ուսումնասիրումը թույլ կտա նախնական եզրակացություններ անել դրանց հանքային բաղադրության, խտության եւ զանգվածի մասին»,-հաղորդում են Ռոսկոսմոսում:
Ինչպես նշել են պետական կորպորացիայում, «Լուսին-26»-ի խնդիրներից կլինի նաեւ Լուսինը շրջապատող ուղեծրի հանքային բաղադրության քարտեզագրումը:
news.am