Ղազախստանն ու Թուրքիան ռազմական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում Անկարայում 1 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրվել։ Այս մասին Տոկաևը հայտարարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Բանակցությունների արդյունքներով՝ ստորագրվել են 1 միլիարդ դոլարի փաստաթղթեր»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Տոկաևը Թուրքիային անվանել է շատ կարևոր ռազմավարական գործընկեր և Էրդողանին հրավիրել այցելել Ղազախստան։ «Ես հրավիրում եմ Թուրքիայի հարգարժան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այցելել մեր երկիր»,- ասել է նա։
Ղազախստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև բանակցությունների արդյունքում ստորագրվել է 15 փաստաթուղթ, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Թուրքիայի նախագահը նշել է այն համաձայնագրերի և հուշագրերի կարևորությունը, որոնք կնքվել են այն տարում, երբ երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Էրդողանը նաև հայտարարել է երկկողմ առևտուրը գրեթե կրկնապատկելու պլանների մասին՝ տարեկան 5,3 միլիարդ դոլարից մինչև 10 միլիարդ դոլար:
Ղազախստանի նախագահը երեքշաբթի օրը ժամանել է Թուրքիա իր առաջին պետական այցով։ Չորեքշաբթի օրը նա կմասնակցի բիզնես ֆորումին։
lurer.com