ԱՄՆ-ի «խաղաղասիրական ժեստը»՝ ղարաբաղյան ճգնաժամի վերաբերյալ
Ամերիկայի Միացյալ Նահանգները ցուցադրական քայլի դիմելով Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է հուլիսի 16-ին կայացած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
«Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը դրական քայլ են կատարել՝ հանդիպելով Թբիլիսիում: Ուղիղ երկխոսությունն է Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու ամենաապահով ճանապարհը»,- գրել է նա:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը հյուրընկալել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին:
Վրաստանի արտգործնախարարն ասել է.«Կցանկանայի հատկապես շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին վստահության համար, նրանց վստահությունը մեր կառավարության նկատմամբ շատ կարևոր է»։
Երևանի և Բաքվի բարձրաստիճան դիվանագետների հանդիպումը կայացել է մի իրավիճակում, երբ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները վերջին շաբաթներին բազմիցս զգուշացրել են հակամարտությունների սրման հնարավորության մասին և խոսել են հարաբերությունները կարգավորելու իրենց պատրաստակամության մասին: