Օգոստոս 04, 2022 18:56 Asia/Tehran
  • ՌԴ ՊՆ-ն ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը կասկածում է COVID-19-ի «ստեղծման» մեջ

COVID-19 համավարակի զարգացումը թույլ է տալիս ենթադրել, որ այն կանխամտածված էր, և ԱՄՆ-ն մասնակցություն ուներ դրանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը:

«Մենք դիտարկում ենք այն հնարավորությունը, որ նոր կորոնավիրուսի առաջացմանը մեղսակից է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID)»,-ասել է Կիրիլովը այսօրը կայացած ճեպազրույցի ժամանակ:

Կիրիլովը նշել է, որ 2009 թվականից USAID-ն ֆինանսավորել է Predict ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրվել են կորոնավիրուսների նոր տեսակները, անցկացվել է չղջիկների որս, որոնք այդ վիրուսների կրողներն են։

«Նախագծի կապալառուներից մեկը Metabiota ընկերությունն է, որը հայտնի է Ուկրաինայի տարածքում իր ռազմակենսաբանական գործունեությամբ»,-հավելել է նա:

Կիրիլովի խոսքով՝ հատկանշական է, որ 2019 թվականին (նախքան COVID-19-ով առաջին հիվանդացածների ի հայտ գալը), Հոպկինսի անվան ամերիկյան ինստիտուտի բազայի վրա անցկացվել են Event-2019 վարժանքները, որոնց ընթացքում մշակվել են գործողություններ նախկինում անհայտ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, որը, ըստ վարժանքի լեգենդի, չղջիկներից մարդուն էր անցել միջանկյալ տիրոջ՝ խոզերի միջոցով: Հենց այդպես էր ժամանակին համավարակային տարածում ստացել «իսպանական» գրիպի վիրուսը, որը տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքեր խլեց։

«COVID-19-ի զարգացման սցենարը և USAID-ի կողմից 2019 թվականին Predict ծրագրի հանկարծակի փակումը թույլ են տալիս ենթադրել համավարակի կանխամտածված բնույթի և դրա առաջացմանը ԱՄՆ-ի մասնակցության մասին»,-ընդգծել է Կիրիլովը:

Այսպիսով, կորոնավիրուսը կարող էր ստեղծվել արհեստականորեն և հնարավոր է` կենսատեխնոլոգիաներում ԱՄՆ-ի նվաճումների օգտագործմամբ, այդ մասին վկայում է մեծամասնության համար կորոնավիրուսների ոչ բնորոշ գենատարբերակների փոփոխականությունը:

«Տպավորություն է ստեղծվում, որ չնայած հիվանդացածների տեղայնացման և մեկուսացման ուղղությամբ գործադրվող ջանքերին, համավարակն արհեստականորեն սնուցվում է այս կամ այն տարածաշրջանում վիրուսի նոր տարբերակների «լցոնման» միջոցով»,-ասել է Կիրիլովը:

Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի տարածքից ԱՄՆ և Եվրոպայի երկրներ դուրս է բերվել ավելի քան 16 հազար կենսաբանական նմուշ, ներառյալ արյան և շիճուկի նմուշները:

«Հաշվի առնելով ամերիկյան վարչակազմի հետաքրքրությունը «նեղ ուղղորդված գործողության» կենսաբանական միջոցների ուսումնասիրության նկատմամբ, նման հայտարարությունները ստիպում են նորովի նայել նոր կորոնավիրուսային վարակի համավարակի առաջացման պատճառներին և COVID-19 հարուցիչի ի հայտ գալու և տարածման գործում ամերիկյան ռազմական կենսաբանների դերին»,-ասել է Կիրիլովը:

Կիրիլովը նշել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության կենսաբանական սպառնալիքի նվազեցման ծրագրի շրջանակներում ամերիկյան «Լաբիրինթ Գլոբալ Հելզ» ընկերության հետազոտությունների ուղղություններից մեկը եղել է կորոնավիրուսների և կապիկների ծաղիկ վիրուսի ուսումնասիրությունը:

Նա հիշեցրել է նաև, որ հուլիսի 23-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապկի ծաղկի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել, այսօրվա դրությամբ հիվանդությունը հայտնաբերվել է 76 պետություններում, հիվանդների թիվը գերազանցել է 26 հազարը:

«Այսպիսով, մենք հստակ միտում ենք տեսնում. ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչները, որոնք հայտնվում են Պենտագոնի հետաքրքրությունների գոտում, հետագայում համավարակային տարածում են ստանում»,-հայտարարել է Կիրիլովը։

Նա ընդգծել է, որ հետո շահառու են դառնում ամերիկյան դեղագործական ընկերությունները և նրանց հովանավորները՝ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության առաջնորդները:

armeniasputnik.am

 

Պիտակ