Հոկտեմբեր 02, 2023 15:45 Asia/Tehran
  • Բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում ներդրում կատարած 2 գիտնականի

Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2023 թվականի Նոբելյան մրցանակակիրներ են դարձել հունգարացի Կատալին Կարիկոն և ամերիկացի Դրյու Վայսմանը COVID-19-ի դեմ մՌՆԹ (mRNA) պատվաստանյութի մշակման ոլորտում իրենց հետազոտությունների համար։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Նոբելյան մրցանակաբաշխության կոմիտեի կայքից։

Պատվաստման համար մՌՆԹ-ի (մեսենջերային ռիբոնուկլիենաթթվի) օգտագործման հայեցակարգն առաջին անգամ առաջարկվել է ավելի քան 30 տարի առաջ: Այնուամենայնիվ, վաղ փորձերը ցույց են տվել, որ այս տեխնոլոգիան առաջացնում է անցանկալի բորբոքային ռեակցիաներ: Կարիկոն և Վայսմանը գտել են դրանցից խուսափելու միջոց, որը կարևոր նշանակություն ունեցավ COVID-19-ի դեմ արդյունավետ mRNA պատվաստանյութ ստեղծելու գործում։

2022 թ․-ին այս անվանակարգում Նոբելյան մրցանակը շնորհվել էր շվեդ կենսաբան Սվանտե Պաաբոյին, որի ղեկավարությամբ վերծանվել է նեանդերթալյան մարդու գենոմը, ինչպես նաև իրականացվել է դենիսովյան մարդկանց ԴՆԹ-ի առաջին վերլուծությունը։

Իսկ 2021 թ․-ին ֆիզիոլագիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ են դարձել մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը և գիտնական Դևիդ Ջուլիուսը՝ ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար։

armenpress.am

 

Պիտակ