Մայիս 06, 2024 18:27 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները պահանջել են վճռական որոշումներ կիրառել Շվեդիայում Սուրբ Ղուրանը պղծողների նկատմամբ

Իրանի Իսլամական խորհրդարանի կրոնական փոքրամասնությունների պատգամավորները մի հայտարարությամբ պահանջել են դատապարտել Շվեդիայում Սուրբ Ղուրանի նկատմամբ անարգանքը և միջազգային բոլոր կառույցներին կոչ են արել վճռական գործողություններ կիրառել ընդդեմ նման դաժան արարքների:

Անցած ուրբաթ օրը, շվեդացի մի կին Շվեդիայի Մալմյո քաղաքի հրապարակում պղծել էր Սուրբ Ղուրանը։ Այս անձնավորությունը նույն կինն է, ով պղծել էր Սուրբ Ղուրանը անցյալ շաբաթ Ստոկհոլմում։ Հրապարակված տեսանյութում երեւում է, որ այս կինն այս վիրավորական արարքը կատարում է շվեդիայի ոստիկանների լիակատար պաշտպանությամբ, իսկ մուսուլմանները Պաղեստինի դրոշն իրենց ձեռքում՝ վանկարկում են նրա դեմ ու պաշտպանում իսլամի սրբությունները։

Այս վիրավորական գործողությունից հետո Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները մի հայտարարության մեջ մասնավորապես նշել են. «Սուրբ Ղուրանը պղծելը հակագաղափարական, հակաէթիկական և հակամարդկային արարք է և Սուրբ Ղուրանը խոսքի ազատության պահանջատերերի կողմից պղծելը, որին աջակցում է համաշխարհային իմպերիալիզմը, սիոնիստական ​​ռեժիմը և Շվեդիայում արևմտյան գործակալներն ու իշխանությունը՝ համարվում է մշակութային հանցագործություն»։

Այս հայտարարության մեջ նաև գրված է. «Մենք՝ Իրանի Իսլամական Խորհրդարանում միաստվածային կրոնների պատգամավորներս, պահանջում ենք միջազգային բոլոր կառույցների վճռական գործողություններն՝ ընդդեմ նման դաժան արարքների և մուսուլման եղբայրների ու քույրերի զգացմունքները վիրավորելու, և մենք պահանջում ենք աշխարհի բոլոր ազատախոհներին կանգնել մուսուլմանների կողքին՝ պայքարելու  բոլոր սրբությունները վիրավորելու և ատելություն տարածելու կեղտոտ քաղաքականության դեմ»։

Հայտարարությունը ստորագրել են՝ Իսլամական խորհրդարանում  Սպահանի և հարավային Իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Թեհրանի  և հյուսիսային իրանահայության  պատգամավոր՝  Արա Շահվերդյանը, Իրանի ասորի և քաղդեացի քրիստոնյաների պատգամավոր՝ Շառլի Էնվիե Թեքիեն, Իրանի զրադաշտականների պատգամավոր՝ Էսֆանդիար Էխթիարին և Իրանի հրեաների պատգամավոր Հոմայուն Սամե Յահ Նաջաֆաբադին։