Բաղայի․ Ուկրաինայի վերջին հարձակումը Կասպից ծովում իրանական նավի վրա անպատասխան չի մնա
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը, արձագանքելով Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի վերջին հարձակմանը, նախազգուշացրել է, որ Ուկրաինայի վերջին արկածախնդրությունն անպատասխան չի մնա, և այդ երկրի բոլոր աջակիցները պետք է պատասխանատվություն կրեն նրա գործողությունների համար։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային երկուշաբթի օրը կայացած իր շաբաթական մամուլի ասուլիսում, ընդգծելով, որ Թեհրանի որոշումները հիմնված են ազգային շահերի և անվտանգության վրա, հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարող որոշել Իրանի համար պատերազմի և խաղաղության ժամանակը։ Նա նաև, քննադատելով Վաշինգտոնի և եվրոպական մի շարք երկրների քաղաքականությունը, վերահաստատել է Իրանի՝ ինքնապաշտպանության և խաղաղ նպատակներով միջուկային էներգիայից օգտվելու իրավունքը։
Իրանի ԱԳՆ խոսնակը, քննադատելով մարդու իրավունքների հարցում Եվրամիության երկակի չափանիշները, հիշատակել է ԱՄՆ-ի հարձակումը Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի դպրոցներից մեկի վրա, որի հետևանքով նահատակվել է շուրջ 170 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ աշակերտներ, և հավելել. «Տիկին Կալաս, եթե դուք մտահոգված եք Իրանում մարդու իրավունքների վիճակով, ապա մի՞թե Մինաբի մայրերը իրանցիներ չեն»։
Բաղային, անդրադառնալով Իսլամաբադի և Դոհայի կողմից հրադադարի և բանակցություններին վերադառնալու վերաբերյալ առաջարկվող ծրագրի շուրջ շրջանառվող ենթադրություններին, հայտարարել է, որ Վաշինգտոնն ընկել է այն ճգնաժամի մեջ, որն ինքն է ստեղծել՝ սիոնիստական ռեժիմի համագործակցությամբ, և պետք է պատասխանատվություն կրի դրա հետևանքների համար։ Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի պաշտպանել իրեն այնքան ժամանակ, քանի դեռ դա բխում է երկրի շահերից, իսկ դիվանագիտությունը կկիրառվի այն դեպքում, երբ այն կծառայի ազգային շահերին։
Բաղային իր խոսքի մեկ այլ հատվածում, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին, հայտարարել է, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործումն իրավունք է, որը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ճանաչված է բոլոր երկրների համար։ Նա Իրանի և որոշ այլ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած երկակի մոտեցումը բնութագրել է որպես միջազգային իրավունքի նկատմամբ ընտրողական վերաբերմունքի դրսևորում։
Բաղային նաև հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական հարձակումների ընթացքում ԱՄՆ-ն իր գործողություններին աջակցելու համար օգտագործել է Բրիտանիայի ռազմական բազաները։ Նրա խոսքով՝ այդ քայլը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին, ուստի Բրիտանիայի կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի այդ հարձակումներում իր ունեցած դերի համար։