Բուլղարիան կասեցրել է Ադրբեջանի հետ գազի մատակարարման շուրջ բանակցությունները
Բուլղարիայի նոր ժամանակավոր կառավարությունը, որը ձևավորվել է օգոստոսի 2-ին նախկին վարչապետ Կիրիլ Պետկովի գլխավորած կառավարության հրաժարականից հետո, կասեցրել է գազի մատակարարման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ և այժմ վերանայում է նախորդ կառավարության օրոք ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նոր կառավարությունը չի բացառում, որ նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքի ռուսական «Գազպրոմի» հետ, գրում է BG News-ը։
Պետկովը, որը վարչապետ էր ընտրվել 2021-ի դեկտեմբերին, սկսել էր հետաքննել հնարավոր կոռուպցիոն համաձայնագրերը «Բուլգարգազի» և ռուսական «Գազպրոմի» միջև և պարզել, որ Բոյկո Բորիսովի ղեկավարած նախորդ կառավարությունը, իբր ավելի էժան ադրբեջանական գազի փոխարեն գերադասել է գնել ավելի թանկ ռուսականը։
Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագիր Բուլղարիան կնքել էր դեռևս 2013-ին, սակայն, Հունաստան-Բուլղարիա գազամուղի կառուցման ձգձգման հետևանքով Հարավային գազային միջանցքը սկսել է գործել միայն 2020-ի ավարտին և Բուլղարիան Ադրբեջանից ստանում էր նախատեսված ծավալի միայն մեկ երրորդը։ Արդյունքում Սոֆիային տուգանք էր սպառնում պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։
panarmenian.net