Ֆրանսիայում գործադուլները հանգեցրել են էլեկտրաէներգիայի արտադրության եւ վառելիքի մատակարարումների խախտումների
Երեքշաբթի օրը բանվորների գործադուլները՝ ի նշան Ֆրանսիայի կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի, հանգեցրել են վառելիքի մատակարարումների եւ նավթի վերամշակման աշխատանքների խափանումների մի շարք ձեռնարկություններում, որոնք կառավարվում են TotalEnergies եւ Esso ընկերությունների կողմից, ինչպես նաեւ կրճատվել են էլեկտրամատակարարումը, հաղորդում է Reuters-ը:
Գործադուլների պատճառով ընդհանուր առմամբ ցանցից անջատվել է ատոմակայաններում, ջերմային եւ հիդրոէլեկտրակայաններում արտադրված 9,9 գիգավատտ էլեկտրաէներգիա։
Ինչ վերաբերում է, նավթավերամշակմանը, ֆրանսիական CGT արհմիությունը հայտարարել է, որ տուժել են մատակարարումները, ինչպես նաեւ Total Energies ու Esso նավթավերամշակման ձեռնարկությունները, եւ որ դրանք ավելի քիչ վառելիք են արտադրում։
Ըստ CGT-ի ներկայացուցչի, գործադուլից տուժել են Գոնֆրեւիլում, Դոնգեսում, Ֆեյզինում, Լա Մեդայում եւ Կարլինգում Total Energies-ի ձեռնարկությունները։
Սակայն ExxonMobil-ի դուստր ձեռնարկություն Esso-ի ներկայացուցիչն ասել է, որ թեեւ երկուշաբթի երեկոյան մատակարարումները Ֆոսե գործարանում իրոք արգելափակվել են 48-ժամով, արտադրության վրա դա չի ազդել: Վաղ առավոտից արգելափակվել են նաեւ Պորտ Ջերոմից մատակարարումները, հավելել է նա:
Միաժամանակ ընկերությունը հայտարարել է, որ գազալցակայաններում վառելիքի պակաս չկա, իսկ պաշարները բարձր մակարդակի վրա են։
TotalEnergies-ի ներկայացուցիչը հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան ընկերության 296 օպերատորների 64%-ը գործադուլ է հայտարարել:
Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64-ի։
Այդ կապակցությամբ հունվարից մինչ օրս ողջ Ֆրանսիայում տեղի են ունենում զանգվածային գործադուլներ ու բողոքի ցույցեր, ինչպես նաեւ անկարգություններ ու բախումներ։
news.am