Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիայում ընտրությունների նշանակման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել մայիսի 14-ին երկրում համընդհանուր ընտրություններ նշանակելու մասին:
Փաստաթուղթը ստորագրվել է Անկարայի Բեշթեփե նախագահական նստավայրում, արարողությունը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости գործակալությունից:
Ավելի վաղ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում՝ Էրդողանը հաստատել էր, որ երկրում համընդհանուր ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Էրդողանի մրցակիցն ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն է՝ Ազգային հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Նախընտրական հարցումների արդյունքները դեռ չեն բացահայտում գալիք ընտրությունների ֆավորիտին, սակայն փորձագետները նշում են, որ ներկայիս ընտրական գործընթացն ամենադժվարն է լինելու իշխող կուսակցության համար՝ հաշվի առնելով ավելի քան 46 հազար մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժերը և երկրի ծանր տնտեսական վիճակը: