Մամուլի տեսություն - 5.4.2023
Թրամփի փաստաբաններն ու նախընտրական շտաբի խորհրդականները հայտարարել են, որ կօգտագործեն նրա դատավարությունն ու դատարանը՝ բարելավելու Թրամփի դիրքերը 2024 թվականի ընտրություններում։
Քեյհան օրաթերթ
Հադսոն. Իրանի և Սաուդյան Արաբիայի համաձայնագիրը Ամերիկայի շփոթության և պասիվության նշանն է:
ԱՄՆ-ում հիմնված Hudson վերլուծական կենտրոնն ասում է, որ Իրանի հետ Սաուդյան Արաբիայի վերջին գործարքը նշանավորում է Չինաստանի ի հայտ գալը որպես ռազմավարական դերակատար տարածաշրջանում, որը տառապում է իշխանության վակումից, որն առաջացել է երկարամյա դաշնակիցներին նվաստացնելու ԱՄՆ-ի խորապես շփոթեցնող քաղաքականությունից:
Չինաստանը, որպես իրեն ԱՄՆ-ի գլխավոր մրցակից համարող երկիր, ցանկանում է ապահովել նավթի հոսքը ԱՄՆ-ի ակտիվ ներկայության բացակայության պայմաններում։ Տարածաշրջանի առաջատար տերությունների միջև գործարք կնքելու հնարավորությունը Պեկինի ազդեցության և վստահության հսկայական թռիչք է գրեթե զրոյական գնով:
Էթելաաթ օրաթերթ
Սիոնիստական ռեժիմի ռազմական հետախուզության նախազգուշացումը Իսրայելի զսպող ուժի անկման մասին
Սիոնիստական ռեժիմի ռազմական հետախուզական գործակալությունը (Աման) անվտանգության բացառիկ նախազգուշացում է ուղարկել Թել Ավիվին` հրապարակելով իր զսպող ուժի անկման վերաբերյալ հետազոտությունը:
Այս հաստատությունը բացառիկ նախազգուշացում է արել անվտանգության և քաղաքական առաջնորդներին և իսրայելական բանակի հրամանատարությանը և հայտարարել, որ Իսրայելի զսպող ուժը թշնամիների դեմ քայքայվել և նվազել է, և ռազմավարական իրավիճակը վատթարացել է և թե ներքին և թե արտաքին ասպարեզներում էսկալացիայի վախ կա: Ըստ այս զեկույցի՝ իրավիճակի հիմնական պատճառն այն թուլությունն է, որը Իսրայելի թշնամիները գիտակցել են «դատական բարեփոխումների» օրինագծի շուրջ ներքին պառակտման արդյունքում։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Նյույորքցի խմբերը
Միացյալ Նահանգների նախկին նախագահ` Դոնալդ Թրամփը 2024 թվականի ընտրություններում հանրապետական թեկնածուների առաջատար դեմքը, ով մեղադրվում է անբարոյական կինոդերասանի համար փող վճարելու մեղադրանքով, երեկ ժամանել է Նյու Յորք՝ դատարան ներկայանալու համար։
Միաժամանակ Թրամփի փաստաբանները լրատվամիջոցների հետ զրույցում հաստատակամորեն հայտարարել են, որ ունեն փաստաթղթեր, որոնք հեշտությամբ կարող են դուրս բերել Թրամփի «անմեղ» դատավճիռը այս դատարանից։
Ջավան օրաթերթ
Ալ-Հիլալի պաշտոնական առաջարկը Մեսսիին
Սաուդյան Akaz թերթը լուրեր է տարածել, որ Ալ-Հիլալ ակումբը պաշտոնական առաջարկ է արել Լիոնել Մեսսիին։
Akaz-ը գրել է. «Մասնավոր աղբյուրների համաձայն՝ մեզ հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիայի Ալ-Հիլալ ակումբը պաշտոնական առաջարկ է արել Լիոնել Մեսսիին՝ միանալ այս ակումբին»։
News.am
Ռուսաստանին եւ Հայաստանին գժտեցնելու բոլոր փորձերն ապարդյուն են․ ՌԴ ՆԳ նախարար
Ռուսաստանին եւ Հայաստանին գժտեցնելու ոչ բարեկամական երկրների ցանկացած փորձ կմնա ապարդյուն, իսկ երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը համակարգված կզարգանա, հաղորդում է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցեւի խոսքը։
Մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ երկուշաբթի Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եւ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի հանդիպումը։
«Վլադիմիր Կոլոկոլցեւը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում երկպառակություն մտցնելու ոչ բարեկամական երկրների ցանկացած փորձ կմնա ապարդյուն, իսկ ներքին գործերի նախարարությունների փոխգործակցությունը համակարգված կզարգանա՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների», - նշվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, ռուսական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է «բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման դժվար պատմական ժամանակաշրջանի վրա»։
«Մեր երկրի դեմ «հավաքական Արեւմուտքի» հիբրիդային դիմակայության գործիքներից մեկը հետխորհրդային տարածքի պետություններում ռուսաֆոբական տրամադրությունների զարգացումն է»,- նշել են մամուլի կենտրոնում։
Ավելին, Կոլոկոլեւը նշել է ՀԱՊԿ ձեւաչափում հայ գործընկերների ակտիվ փոխգործակցությունը։
Armenpress.am
Բայդենը հաջորդ շաբաթ այց կկատարի Մեծ Բրիտանիա և Իռլանդիա
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ապրիլի 11-ից մինչև 14-ը ուղևորության կմեկնի Մեծ Բրիտանիա և Իռլանդիա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղարի տարածած հայտարարությունը:
«Նախ նախագահ Բայդենը ապրիլի 11-12-ին կուղևորվի Հյուսիսային Իռլանդիա՝ Բելֆաստ՝ նշելու 25 տարի առաջ Բելֆաստի (,Բարի ուրբաթե) համաձայնագրի ստորագրումից ի վեր ահռելի առաջընթացը և հայտնելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը Հյուսիսային Իռլանդիայի լայն տնտեսական ներուժին աջակցություն ցուցաբերելու հարցում», - ասվում է Կարին Ժան-Պիեռի տարածած հաղորդագրության մեջ։
Այնուհետև ապրիլի 12-ին ԱՄՆ-ի նախագահը Հյուսիսային Իռլանդիայից կմեկնի Իռլանդիա և կայցելի Դուբլին, Լաութ և Մեյո կոմսություններ: Ապրիլի 14-ին Բայդենը կավարտի իր այցը։ «Նա կքննարկի մեր սերտ համագործակցությունը մի շարք գլոբալ մարտահրավերների շուրջ», - ասվում է հայտարարության մեջ։ Սպիտակ տունը նշում է, որ ուղևորության լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:
News.am
«Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ հայտնվելով ոչնչացման սպառնալիքի առաջ»
2023 թվականի մարտի 29-ին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից և արդեն ապրիլի սկզբին՝ նոր երթուղու արևմտյան հատվածը (Կոռնիձոր և Տեղ գյուղերով անցնող) ամբողջապես գործարկումից հետո, Սյունիքի մարզի Զաբուխ և Ջագազուր (Ձագաձոր) գյուղերի հետ միասին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Սյունիքի և Արցախի սահմանագլխին՝ «Մեծ և Փոքր Սյունիքներ» կամ «Մայր Հայրենիք» կոչվող հուշակոթողը: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։
Հուշարձանը կառուցվել է 2004 թվականին Մեծ և Փոքր Սյունիքների (պատմականորեն Փոքր Սյունիք է կոչվել Արցախը) միասնության գաղափարով՝ Ճարտարապետ Սևադա Զաքարյանի կողմից։ Արցախի Հանրապետության մուտքն ազդարարող հուշակոթողին կից 2007 թվականին կանգնեցվել է խաչքար։
Հուշարձանի ճարտարապետն իր մտահոգությունները ավելի վաղ կիսել էր «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության հետ և նշել, որ հուշարձանի լիարժեք ապամոնտաժումն ու Սյունիք տեղափոխումը անհնար է, քանզի քարերը կդառնան անօգտագործելի, ինչը թույլ չի տա նախկին տեսքով վերականգնել հուշարձանը: Տեղափոխել կարելի է միայն կից գտնվող խաչքարը։
Հայկական կողմը 2023 թվականի ապրիլի 3-ին տեղափոխեց խաչքարը, և սա կարելի է համարել եզակի բացառություն, երբ հուշարձանը հանվում է իր պատմական լանդշաֆտից, կտրվում իր ամբողջականությունից՝ հանուն փրկության։ Ադրբեջանական թելեգրամյան ալիքները, արդեն իսկ աղաղակում են հուշարձանի մոտալուտ ավերման և ոչնչացման հեռանկարի մասին։
«Մեր Արձագանքը
1954 թվականի Հաագայի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է․ «Մշակութային արժեքը անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Քանի որ «Մայր Հայրենիք» հուշարձանն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, այն պաշտպանված է Հաագայի 1954 թվականի Առաջին Արձանագրությամբ, որը նախատեսված է գրավյալ (օկուպացված, յուրացված) տարածքներում մշակութային կամ հոգևոր արժեքների պաշտպանության համար։ Արձանագրության 1-ին կետը նշում է, որ «Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է կանխել զինված հակամարտության ժամանակ իր կողմից գրավված տարածքից մշակութային արժեքների վնասը, արտահանումը, կամ փոխանցումը երրորդ երկիր»։ Նկատենք, որ Ադրբեջանը, 1993 թվականի սեպտեմբերի 20-ից ընդունել է այս արձանագրությունը և պարտավորվել հետևել դրույթներին:
Սակայն, ինչպես ցույց են տալիս այս և դրան նախորդած բազմաթիվ դեպքերը, Ադրբեջանը միանշանակորեն իրականացնում է մշակութային ցեղասպանություն՝ ոտնահարելով միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարատավորությունները»,- գրում է monumentwatch.org կայքը։
Armenpress.am
Վրաստանում հայ-վրացական գործարար համաժողով կանցկացվի
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության եռօրյա այցով մեկնել է Վրաստան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Պատվիրակությունը գտնվում է Վրաստանում երկկողմ համագործակցային հարցեր քննարկելու, ինչպես նաև հայ-վրացական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով։
Այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարարը առանձնազրույց է ունեցել Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում:
Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ նախարար Իրակլի Կարսելաձեն կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետևողական զարգացումը և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատել Հայաստանի իր գործընկերոջ հետ՝ երկկողմ համագործակցության առավել խորացման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Գնել Սանոսյանը ընդգծել է պարբերական հանդիպումների և շփումների կարևորությունը` փոխվստահության առավել ամրապնդման և երկկողմ փոխգործակցության ընդլայնման համար։ Այս համատեքստում նախարար Սանոսյանն անդրադարձել է նաև Վրաստանի մասնակցությանը օրեր առաջ Գյումրիում կայացած ԵԽ անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի եռաստիճան դասընթացի երրորդ փուլի բացման արարողությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ճանապարհաշինության և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով, ինչպես նաև ապակենտրոնացված ձևաչափով փորձի փոխանակման ու համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:
Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունների միջև տարածաշրջանային և միջպետական փոխկապակցվածության շուրջ համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:
Tert.am
Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել
Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցախցիներից պահանջել են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և հայտարարել են, որ պետք է անցնելուց առաջ բոլորին ստուգեն։
Այս մասին հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ ապրիլի 4-ին 27 արցախցիներ՝ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից ուղևորվել են Արցախ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենաները և թույլ չեն տվել շարունակել ճանապարհը։ ՌԴ խաղաղապահները 5 ժամ բանակցություններ են վարել ադրբեջանցիների հետ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել։
«Ադրբեջանցիները ահաբեկել են մեքենաներում գտնվող մարդկանց՝ ներխուժելով մեքենաներից մեկը և սպառնալիքներ հնչեցնելով։ Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» և ստուգել բոլոր անձանց։ 27 հոգուց 23-ը գիշերը վերադարձել են Գորիս՝ մուտք չգործելով իրենց հայրենիք։ Ադրբեջանական ահաբեկման արդյունքում չորս կանանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, որոնցից երեքն ուշագնաց են եղել։ Ուղեկցող խաղաղապահները շտապ օգնություն են կանչել և այդ չորս հոգուն ռուսական և ադրբեջանական մեքենաներով տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:
Ադրբեջանական կողմը չի թույլատրել խաղաղապահներին օգտվել արցախյան շտապօգնության մեքենաներից և փորձել է հիվանդներին տեղափոխել իրենց վերահսկողության տակ գտնվող Շուշիի հիվանդանոց: Սակայն մարդիկ բողոքել են և պահանջել, որ հիվանդներին տեղափոխեն Ստեփանակերտ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բեգլարյանը:
Բեգլարյանը նշում է, որ սա Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հերթական դրսևորումն է: «Մասնավորապես, նրանք արգելափակում են մեր քաղաքացիների մուտքն Արցախ ոչ միայն սեփական մեքենաներով ճանապարհորդելիս, այլ նույնիսկ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ինչպես դա եղավ երեկ։ Նրանք երբեմն ավելի քիչ խոչընդոտներ են ստեղծում ելքի համար, ինչպես հունվարի 10-ին հայտարարեց Ալիևը, քանի որ նրանց նպատակն, ակնհայտորեն, արցախցիների էթնիկ զտումն է»,- գրել է նախկին պետնախարարը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում ռասայական/էթնիկ խտրականության ու ատելության պետական քաղաքականության և դրա կանոնավոր դրսևորումների պայմաններում միջազգային հանրությունը պետք է հասկանա ադրբեջանական ցանկացած վերահսկողության դեպքում Արցախի ժողովրդի նկատմամբ գոյաբանական վտանգի մակարդակը։
Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը և ատելությամբ պայմանավորված պարբերական հանցագործություններն ու հոգեբանական ահաբեկչությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդին արդյունավետորեն պաշտպանելու և նոր հանցագործությունները կանխելու պարտավորության ձախողումը պահանջում են հրատապ, վճռական և գործնական քայլեր՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի, պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար»,- գրել է Բեգլարյանը:
Tert.am
Վաշինգտոնի կողմից «գունավոր հեղափոխություններին» աջակցությունն է հանգեցրել այսօրվա ուկրաինական ճգնաժամին. Պուտինը՝ Լին Թրեյսիին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Մոսկվայում 17 երկրի դեսպանների հավատարմագրերը, ինչի կապակցությամբ հանդես է եկել ծավալուն ելույթով արտաքին քաղաքականության հարցերի շուրջ, հայտնում է fontanka.ru-ն:
Պուտինի հնչեցրած թեզերը հետևյալն էին՝
Աշխարհում իրավիճակը հիմա կայուն չէ, շատ հակասություններ են կուտակվել,
Ռուսաստանը բաց է առանց բացառության բոլոր երկրների հետ կառուցողական գործընկերության համար և չի պատրաստվում մեկուսանալ,
Ռուսաստանը որևէ երկրի նկատմամբ կանխակալ կամ թշնամական մտադրություններ չունի,
Ռուսաստանն ակտիվորեն վարելու է հավասարակշռված բազմավեկտոր արտաքին քաղաքականություն:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն անցնում են խորը ճգնաժամի միջով, որը հիմնված է աշխարհակարգի ձևավորման տարբեր մոտեցումների վրա։
Պուտինն ԱՄՆ դեսպան Լին Թեյսիին ասել է, որ Վաշինգտոնի կողմից «գունավոր հեղափոխություններին» աջակցությունն է հանգեցրել այսօրվա ուկրաինական ճգնաժամին և հետագայում նպաստել ռուս-ամերիկյան հարաբերությունների դեգրադացմանը։