Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բազմամարդ ցույցեր են, հայտարարվել է համազգային գործադուլ
(last modified Thu, 06 Apr 2023 13:33:14 GMT )
Ապրիլ 06, 2023 17:03 Asia/Tehran
  • Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բազմամարդ ցույցեր են, հայտարարվել է համազգային գործադուլ

Ֆրանսիայում այսօր 11-րդ անգամ արհմիությունները հայտարարել են համազգային գործադուլ և ցույցեր: Ակնկալվում է, որ փողոց դուրս կգան հարյուր հազարավոր մարդիկ՝ իրենց բողոքն արտահայտելու կառավարության նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականին:

Փարիզում ցուցարարները խոչընդոտել են երթևեկությունը դեպի գլխավոր օդանավակայան: Իսկ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել:

Ակնկալվում է, որ գործադուլը կազդի տրանսպորտի, կրթության, առողջապահության և էներգետիկայի ոլորտների վրա:

Ըստ պարբերականի՝ արհմիությունների և կառավարության միջև քննարկումները մտել են փակուղի: Արհմիությունների ներկայացուցիչները հանդիպել են Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի հետ, սակայն քննարկումներն անվանել են «ձախողում»:

Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մի քանի ամիս: Իրավիճակն ավելի լարվեց այն բանից հետո, երբ կառավարությունն օգտվեց 49.3 հոդվածից և բարեփոխումների նախագիծն ընդունեց՝ շրջանցելով խորհրդարանում քվեարկությունը: Նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է ընդունել կենսաթոշակային բարեփոխումները, որոնցով նախատեսվում է, այդ թվում՝ կենսաթոշակային տարիքի բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան: