Թուրքիան ծրագրում է Ադրբեջանի հետ գազ մատակարարել Եվրոպա
Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի հետ համատեղ գազ մատակարարել եվրոպական երկրներ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
«Ադրբեջանը Թուրքիայում մեծ ներդրումներ ունեցող երկիր է։ Նրանց ազգային SOCAR (պետական նավթային ընկերություն) ընկերությունը նույնպես Թուրքիայի խոշորագույն ներդրողներից է։ Այս համագործակցությունը կիրականացվի նաև 3-րդ երկրում։ Համագործակցության նոր ձևեր կլինեն։ BOTAŞ և SOCAR ընկերությունները (Թուրքիայի և Ադրբեջանի պետական ընկերություններ) նոր կազմակերպություն են ստեղծել։ Մենք գազ ենք մատակարարելու դեպի Եվրոպա։ Հայտարարել ենք, որ դառնալու ենք գազի առևտրով զբաղվող կենտրոն։ Ադրբեջանն էլ է աջակցում այս գաղափարին։ Բալկանյան երկրները մեզնից և Ադրբեջանից գազ են պահանջում։ Այս հարցում մենք միասին ենք գործելու»,– ասել է Դոնմեզը CNN Türk–ին տված հարցազրույցում։
Նշենք, որ էներգետիկ ճգնաժամը Եվրամիությունում սրվեց 2022 թվականի հուլիսի սկզբին, երբ ի հայտ եկան Ռուսաստանից ԵՄ–ի մի շարք երկրներ գազի մատակարարումների առաջին խափանումները, այդ թվում` ՌԴ–ի դեմ սահմանած պատժամիջոցների հետևանքով «Հյուսիսային հոսքի» համար տուրբինների տեխնիկական սպասարկման խնդիրների պատճառով։
Հիշեցնենք` Արևմուտքը Ուկրաինայի պատճառով ուժեղացրեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով` Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը կլուծի բոլոր այն խնդիրները, որոնք նրա համար ստեղծում է Արևմուտքը։
armeniasputnik.am