«La Stampa». Հայաստանում Հռոմի պապը Թուրքիայի հետ սահման չի գնա
https://parstoday.ir/hy/news/world-i20092-la_stampa_._Հայաստանում_Հռոմի_պապը_Թուրքիայի_հետ_սահման_չի_գնա
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցանկացել է հունիսի 24-26-ը Հայաստան նախանշված այցի ընթացքում այցելել Թուրքիայի հետ սահման՝ խորհրդանշական քայլ կատարելով դրա բացման օգտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2016 05:18 Asia/Tehran
  • «La Stampa». Հայաստանում Հռոմի պապը Թուրքիայի հետ սահման չի գնա

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցանկացել է հունիսի 24-26-ը Հայաստան նախանշված այցի ընթացքում այցելել Թուրքիայի հետ սահման՝ խորհրդանշական քայլ կատարելով դրա բացման օգտին:

Սակայն ծրագիրը չեղարկել են: Իտալական «La Stampa»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հռոմի Պապական Հայկական քոլեջի ռեկտորի տեղակալ Գրիգոր Բադիչան:

«Ծրագիրն այսպիսին էր. գնալ այնտեղ, բացել սահմանը: Բայց չեղարկվեց»,- հայտարարել է Բադիչան՝ հավելելով, որ, ամեն դեպքում, Ֆրանցիսկոս պապից «ամեն ինչ կարելի է սպասել»: Բացի այդ, թուրքական սահմանն այնքան էլ հեռու չէ՝ ընդամենը 10 րոպեի հեռավորությամբ այն վայրերից, որ լինելու է Ֆրանցիսկոս պապը:

Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների բացման հարցն առանձնապես մոտ է նրան: «Ինձ խորապես հուզում է այդ հարցը: Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, հրաշալի կլինի»,- 2014 թվականի նոյեմբերի 30-ին Ստամբուլից վերադառնալիս լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել էր Հռոմի պապը: