Ալիևը նոր խաղ է սկսում. Հայաստանը հետ չպետք է մնա
https://parstoday.ir/hy/news/world-i202514-Ալիևը_նոր_խաղ_է_սկսում._Հայաստանը_հետ_չպետք_է_մնա
Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում անցկացվող Չմիավորվածների շարժման նախարարական համաժողովի ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է վերափոխվի, քանի որ այն ներկայումս արտահայտում է անցյալի իրողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2023 07:14 Asia/Tehran
  • Ալիևը նոր խաղ է սկսում. Հայաստանը հետ չպետք է մնա

Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում անցկացվող Չմիավորվածների շարժման նախարարական համաժողովի ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է վերափոխվի, քանի որ այն ներկայումս արտահայտում է անցյալի իրողությունները:

Ըստ Ալիևի, ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմը պետք է ընդլայնվի և օրինակ մշտական անդամի մեկ տեղ պետք է ստանա Չմիավորվածների շարժումը: Ադրբեջանը 2019 թվականից նախագահում է 120 երկիր միավորող այդ կազմակերպությունը: Կպահպանի՞ Բաքուն նախագահությունը, թե ոչ, պարզ կլինի տարեվերջին երբ Ուգանդայում կլինի կազմակերպության հերթական Վեհաժողովը: Բաքուն ըստ ամենայնի իր գաղափարով կամ առաջարկով ներկայացնում է այդպիսի մի հայտ, որը սակայն ունի իհարկե շատ ավելի բազմակողմ խաղային տարածություն: Ադրբեջանը փաստացի բարձրաձայնում է մի հարց, որը 2021 թվականին հնչեցրել է Թուրքիայի նախագահ Էրդողանն Անգոլայում, ասելով, թե անարդար է, որ աշխարհի ճակատագիրը որոշեն ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները:

Միաժամանակ, ՄԱԿ ԱԽ ռեֆորմացիայի օգտին է արտահայտվել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Հարկ է նկատել, որ թեման այսպես ասած տողատակային իմաստով սկսել է զարգանալ թերևս 2020  թվականի հունվարից, երբ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց՝ ընդ որում երկու անգամ՝ Մոսկվայում և հետո Թել Ավիվում, որ առաջարկում է ՄԱԿ ԱԽ մշտական անդամ հնգյակին սկսել քննարկումներ համաշխարհային կարգի շուրջ, աշխարհակարգի, անվտանգության միջազգային համակարգի վերափոխման շուրջ: Ուղիղ արձագանքներ այդ հայտարարությունը հրապարակային դաշտում կարծես թե առանձնապես չունեցավ, բայց մեկ տարի անց հնչեց օրինակ Թուրքիայի դժգոհությունը:

Անկասկած է, որ ՄԱԿ ԱԽ ռեֆորմացիայի հարցը թերևս հայտնվելու է օրակարգում, թեև հազիվ թե ավելի շուտ, քան ինչ որ հանգուցալուծում կստանա ուկրաինական պատերազմը: Սակայն, պրոցեսը արդեն ծավալվում է և Ադրբեջանի նախագահի ելույթը Բաքվում այդ պրոցեսում ներգրավվելու հայտ է: Ընդ որում, Ադրբեջանը այդ հայտը բարձրաձայնում է մի կազմակերպության կամ նախաձեռնության շրջանակում, որում կան պետություններ, որոնք հավակնում են ՄԱԿ ԱԽ մշտական անդամության: Օրինակ, Հնդկաստանը ևս Չմիավորվածների շարժման անդամ է: Այդ շարժման անդամ են նաև Իրանը, Սաուդյան Արաբիան, որը բավականին մեծացնում է իր միջազգային դերը, Եգիպտոսը, Կատարի պետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները: Այդպիսով ակնառու է, թե բարձրաձայնած մտքով Ալիևը իր համար ինչ խաղային տարածություն է փորձում բացել, ու դա մի հանգամանք է, որն իր մեջ մարտահրավեր է պարունակելու նաև Հայաստանի համար, որին պետք է լինել պատրաստ և կատարել անհրաժեշտ աշխատանք, այդ թվում նաև նույն Չմիավորվածների շարժման վերը հիշատակածս երկրների և այլ անդամների հետ: Ի դեպ, Հայաստանը ունի Չմիավորվածների շարժման դիտորդի կարգավիճակ:

1in.am