Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պուտինին ձերբակալելու որոշումը տված դատավորի նկատմամբ
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավոր Տոմոկո Ականեի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. խոսքն այն դատավորի մասին է, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրամանագիր է տվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ռուսաստանի ՆԳՆ-ին հղումով։
«Տոմոկո Ականե՝ ճապոնուհի, հետախուզվում է ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է ՌԴ ՆԳՆ տվյալների բազայում։ Կոնկրետ ո՞ր հոդվածով է դատավորը հետախուզվում, նշված չէ։
Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Պուտինին և Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման է տվել՝ բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանման հետ կապված ռազմական հանցագործություններին մասնակցելու մեղադրանքով:
Մարտի 20-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՄՔԴ դատախազ Քարիմ Ահմադ Խանի և դատավորներ Ռոսարիո Սալվատորե Այտալայի, Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի և Տոմոկո Ականեի դեմ՝ համարելով, որ նրանց գործողություններն ակնհայտ անօրինական են, քանի որ հիմքեր չկան նախագահին բերման ենթարկելու համար։
tert.am