Ամերիկայի հետ հարաբերությունները ցանկացած պահի կարող են խզվել․ Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ի ռուսաֆոբ քաղաքականության պատճառով ցանկացած պահի կարող են խզվել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն այս հայտարարության մեջ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների ներկա վիճակը բնութագրել է թելի պես փխրուն, և ստեղծված իրավիճակի համար մեղադրել Ամերիկային՝ նշելով, որ հարաբերությունների հնարավոր խզումը ոչ թե Մոսկվայի ընտրությունն է, այլ Վաշինգտոնի Հակառուսական գործողությունների հետևանք, որը խորացնում է լարվածությունը Ռուսաստանի և Ամերիկայի հարաբերություններում։
Ըստ այս հայտարարության՝ համաշխարհային մակարդակում Մոսկվային ու Պեկինին զսպելու Վաշինգտոնի ցանկությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում խորը ճգնաժամի հիմնական պատճառն է։
Ավելի վաղ՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ին, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր Վաշինգտոնի հետ Մոսկվայի հարաբերությունները խզելու հնարավորության մասին՝ ասելով, որ Ամերիկայի պահվածքը կարող է ստիպել Ռուսաստանին կրճատել կամ նույնիսկ խզել դիվանագիտական հարաբերությունները։
Ռուսաստանի և Ամերիկայի հարաբերությունները սկսեցին մթագնել 2022 թվականի փետրվարին ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց հետո արևմտյան երկրները բազմաթիվ պատժամիջոցներ սահմանեցին Մոսկվայի դեմ, սահմանափակեցին իրենց գործարար հարաբերությունները, իսկ բազմաթիվ ընկերություններ փակեցին իրենց գրասենյակները այս երկրում:
Մինչ այժմ Մոսկվան բազմիցս զգուշացրել է արևմտյան երկրներին Ուկրաինային զինելու, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում ռուսական ծագում ունեցող բնակիչների նկատմամբ մարդու իրավունքների խախտումներն ու ուկրաինական ուժերի հարձակումներն անտեսելու համար։