Բանտում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին
Փետրվար 16, 2024 14:37 Asia/Tehran
Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում։
Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը։
«Այս տարվա փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ն զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հիմնարկության բուժաշխատողները, շտապօգնության խումբ է կանչվել», – հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են», - ասվում է հաղորդագրությունում։