Ռուսաստանն այժմ պատերազմական վիճակում է, բոլորը պետք է հասկանան դա․ Պեսկով
Երբ Արևմուտքը դարձավ Ուկրաինայում հակամարտության մասնակից, ռազմական հատուկ գործողությունը դարձավ պատերազմ, և Ռուսաստանն այժմ պատերազմական վիճակում է, բոլորը պետք է հասկանան դա։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մենք պատերազմի մեջ ենք։ Այո՛, դա սկսվեց որպես ռազմական հատուկ գործողություն, բայց հենց որ այնտեղ ձևավորվեց այդ խումբը, և հավաքական Արևմուտքը մասնակից դարձավ Ուկրաինայի կողմից, մեզ համար դա արդեն պատերազմ դարձավ։ Ես դրանում համոզված եմ։ Եվ յուրաքանչյուրը պետք է դա հասկանա իր ներքին մոբիլիզացիայի համար», - ասել է նա «Аргументы и факты» կայքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի գործել այնպես, որ Ուկրաինայի ռազմական ներուժը չսպառնա ՌԴ քաղաքացիների և տարածքի անվտանգությանը:
Պեսկովի խոսքով` ՌԴ-ն չի կարող թույլ տալ, որ իր սահմաններում գոյություն ունենա մի պետություն, որը փաստաթղթավորել է Ղրիմը խլելու համար ցանկացած մեթոդ օգտագործելու մտադրությունը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։