Դինքի հիշատակին. «Ակօս»-ի խմբագրության շենքի մոտ համահավաք է տեղի ունեցել
Պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող միակ շաբաթաթերթի՝ «Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցին նվիրված միջոցառումն ընթանում է «Ակօս»-ի խմբագրատան հին շենքի մոտ, որտեղ աշխատել և որի մուտքի մոտ սպանվել է նա:
Խմբագրության շենքին մեծ պաստառ կա՝ «Այստեղ ենք, աղբարի՛կ, կարոտով, զայրույթով, համառությամբ»:
Ոստիկանությունը վերահսկում է ակցիան: Ցույցին մասնակցել ցանկացող քաղաքացիները ստուգվում են երկու անցակետերում: Դա արվում է անվտանգության նկատառումներով:
Վաղ առավոտյան ցույցի տարածքը դատարկվել է. ոստիկանությունն ապահովության համար ստուգել է, որ տեղանքում պայթուցիկներ չլինեն:
Հարյուրավոր մարդիկ են ժամանել Հրանտի սպանության վայր՝ հարգելու նրա հիշատակը:
Նրանց թվում են մտավորականներ, քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք նույն օրը, նույն վայրում հավաքվում են արդեն 9-րդ անգամ:
Հավաքվածների թվում են նաև Թուրքիայի խորհրդարանում տարբեր կուսակցություններից ընտրված պատգամավորներ Սելինա Դողանն ու Կարո Փայլանը:
tert.am/
19/1/2016