Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
(last modified Thu, 02 May 2024 07:10:16 GMT )
Մայիս 02, 2024 10:40 Asia/Tehran

Չինաստանի Գուանդունի նահանգում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով 36 մարդ է զոհվել, 30 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին, տեղի ժամանակով գիշերվա 2։10-ին՝ հորդառատ անձրևների պատճառով։ Մեյչժոու-Դաբու մայրուղու փլուզված հատվածի երկարությունը 17,9 մետր է։ Փլուզման հետևանքով 23 մեքենա է ընկել ճանապարհից։

Մեյչժոուի հատվածում ապրիլի վերջից հորդառատ անձրևներ և կարկուտներ են տեղում, որոնք առաջացրել են վտանգավոր սողանքներ, հեղեղել են տները և ավիրել կամուրջներ։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել նահանգում շարունակվող անձրևոտ եղանակի վտանգները վերացնելու համար։

Ըստ Չինաստանի պետական հեռուստատեսության՝ փրկարարական աշխատանքներում ներգրավված է մոտ 500 մարդ։