Մայիս 05, 2024 10:46 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան․ Իսրայելի հետ հարաբերությունները խզելն ու պատժամիջոցները կարևոր գործիք են Գազայի ցեղասպանությունը կանխելու համար

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Գազայի պատերազմի ժամանակ իսլամական երկրների դերը կմնա պատմության էջերում, իոկ Իսրայելի ռեժիմի հետ դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների խզումն ու զենքի և առևտրի էմբարգոն կարևոր դեր կունենան ցեղասպանությունը կանխելու հարցում։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Գամբիայի մայրաքաղաք Բանջուլում կայացած Կայուն զարգացման շուրջ երկխոսության միջոցով միասնության և համերաշխության խթանում» խորագրով իսլամական երկրների արտգործնախարարների 15-րդ հանդիպման ժամանակ,  խստորեն դատապարտելով պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ոճրագործությունների շարունակումն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է միավորվեն՝ Գազայում ցեղասպանությունն անհապաղ կանխելու և  մարդասիրական օգնության մուտքն այդ տարածք ապահովելու համար։

Նշելով, որ Գազայի դիմադրությունը փաստեց, որ ՀԱՄԱՍ-ի ու Դիմադրության ոչնչացման մասին Իսրայելի հայտարարությունները լոկ պատրանք էին, քանի որ ռեժիմն օկուպանտ է, որին ժամանակը լեգիտիմություն չի տալու, Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Տարածաշրջանում կայուն  խաղաղություն և անվտանգություն կհաստատվի միայն երբ ավարտվի Պաղեստինի, Սիրիայի և Լիբանանի օկուպացիան, պաղեստինցի փախստականները վերադառնան հայրենիք և երաշխավորվի նրանց ինքնորոշման իրավունքի իրացումը»։

Անդրադառնալով Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի վրա Իսրայելի ահաբեկչական հարձակմանն Աբդոլլահյանը նշել է, որ այն բացահայտեց ռեժիմի իրական դեմքը։ Նա նշել է, որ Իրանը, հիմնվելով ինքնապաշտպանության օրինական իրավունքի վրա, և ԱԽ անգործության հետևանքով, սահմանափակ ռազմական պատասխան տվեց Իսրայելին, սակայն ռեժիմի հետագա ցանկացած գործողություն, որն ուղղված կլինի Իրանի շահերի դեմ, թե՛ երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, կարժանանա ավելի կոշտ պատասխանի։ 

ԻՀԿ գագաթնաժողովի շրջանակներում  կազմակերպության գլխավոր քարտուղար Հոսեյն Էբրահիմ Թահայի հետ հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Իսրայելի ռեժիմի հանցագործությունները և համապատասխան մեխանիզմի ձևավորումը, ինչպես նաև քարտուղարությունում օկուպանտ ռեժիմի հանցագործությունները վերահսկելու և միջազգային հետազոտություններ ու հետաքննություն իրականացնելու և ռեժիմի պաշտոնյաներին դատական պատասխանատվության կանչելու նպատակով համապատասխան ստորաբաժանման ձրավորումը, շատ կարևոր է»։ 

Հոսեյն Էբրահիմ Թահան նշել է, որ կազմակերպությունը հետևում է Իսրայելի գործողություններին և ողջունելով Իրանի առաջարկները, հավելել, որ քարտուղարությունը պատրաստ է համագործակցել Թեհրանի հետ։ 
Գամբիայի արտաքին գործերի նախարար  Մամադու Թանգարայի  հետ հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանը հույս է հայտնել, որ Բանջուլի գագաթնաժողովն արդյունավետ դեր կունենա իսլամական ումմայի համար։  

Հանդիպումների ավարտին կայացած մամուլի ասուլիսում ԻԻՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ պաղեստինցիների իրավունքներին ուշադրություն կդարձվի և պայմաններ կստեղծվեն Պաղեստինում ու Գազայի հատվածում պատերազմն ավարտելու համար։

Նա նշել է․ «Անհրաժեշտ է ապահովել Գազա մարդասիրական օգնության մուտքի պատշաճ պայմաններ և տարածքի բնակիչներին տեղափոխել իրենց տներ»։ 
Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Բանգլադեշի, Սուդանի, Մալիի, Գամբիայի և Բանջուլի ԱԳ նախարարների հետ։ 
Այցի ավարտին Աբդոլլահյանը վերադարձել է Թեհրան։