Մայիս 08, 2024 18:40 Asia/Tehran
  • Պուտին–Փաշինյան հանդիպումը երկուստեք անհրաժեշտ է ու սպասված. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տեղի կունենա այսօր Մոսկվայում, երկուստեք անհրաժեշտ է ու սպասված։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարի աշխատանքային գրաֆիկը բավական լարված է. մայիսի 8–ը նվիրված է եվրասիական ինտեգրման հիմնական թեմատիկային։

«Մոսկվայում  մեկնարկելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, այն ավանդաբար լինելու է և՛ նեղ, և՛ ընդլայնված կազմով ։ Մասնակիցներն անպայման կլուսանկարվեն միասին: Հատկանշական է, որ ընդլայնված կազմով այս նիստին, որն ընդհանուր առմամբ նվիրված է ԵվրԱզԷՍ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակին, որպես դիտորդ ներկա կլինեն Ուզբեկստանի և Կուբայի նախագահները»,-ասել է Պեսկովը լրագրողներին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ միջոցառման ամփոփիչ փաստաթղթերի ստորագրումից հետո Պուտինի մոտ ոչ պաշտոնական ճաշկերույթ կանցկացվի ԱՊՀ մասնակից պատվիրակությունների ղեկավարների և Կուբայի նախագահի պատվին:

«Աշխատանքային օրվա ավարտին նախատեսված է նաև Պուտինի և Փաշինյանի երկկողմ հանդիպումը, որը երկու կողմի համար էլ անհրաժեշտ է ու սպասված»,– հավելել է նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա` նախագահելու ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։

 

Պիտակ