Ընդդիմադիր շարժումը ձախողվեց, որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/world-i219612-Ընդդիմադիր_շարժումը_ձախողվեց_որովհետև_ժողովուրդն_ընկալում_է_իրական_Հայաստանը_Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունում հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվեց, որովհետև իրական Հայաստանը՝ որպես գաղափարախոսություն հաստատվում է ՀՀ-ում և ընկալվում է ժողովրդի կողմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2024 12:42 Asia/Tehran
  • Ընդդիմադիր շարժումը ձախողվեց, որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվեց, որովհետև իրական Հայաստանը՝ որպես գաղափարախոսություն հաստատվում է ՀՀ-ում և ընկալվում է ժողովրդի կողմից։

Հանքավանում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովում ասել է ՀՀ վարչապետ, ՔՊ խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Զարմանալի է, թե ինչպես կարող էր ժողովուրդը այսքան արագ ընկալել այդ գաղափարախոսությունը, որը կառավարող մեծամասնության, այսինքն՝ մեր կողմից լիարժեք և ամբողջականորեն որդեգրվել է ընդամենը տարիուկես-երկու տարի առաջ»,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ քաղաքական նոր ստեղծված գաղափարախոսությունն ընկալելու համար տևական ժամանակ է պետք։ Կարծում է՝ Հայաստանի ժողովուրդն այսքան արագ է ընդունել, որովհետև այդ գաղափարախոսությունը ոչ այնքան ՔՊ-ի կամ կառավարող մեծամասնության, այլ հենց ժողովրդի գաղափարախոսությունն է։

«Ի վերջո Հայաստանում հայտնվել է քաղաքական ուժ, որը վերցնում է ժողովրդի մտածածն ու այն ձևակերպում է որպես քաղաքական գաղափարախոսություն։ Ժողովուրդը ոչ թե այդ գաղափարախոսություն օբյեկտն է, այլ սուբյեկտը»,- կարծում է վարչապետը՝ հավելելով, որ կառավարող մեծամասնությունը ժողովրդի, այսպես ասած, խոսնակն է։

Ըստ նրա՝ սա առաջին անգամ է, որովհետև միշտ հակառակն է եղել՝ կառավարությունն է եղել ժողովրդին ասողը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ապրիլի 10–ին կառավարության 2023 թ. կատարողականի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո մեկնարկել է պատմական և իրական Հայաստանների շուրջ բանավեճ, ու պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։

Դրանից հետո Բագրատ սրբազանը հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերադասավորվում է, բայց հավաքները շարունակվելու են, շարժումն ավելի մասշտաբային կլինի։