Հայկական բիզնեսը շատ պրագմատիկ է Ռուսաստանի հետ կապերի հարցում․ ՌԴ փոխվարչապետ
https://parstoday.ir/hy/news/world-i219678-Հայկական_բիզնեսը_շատ_պրագմատիկ_է_Ռուսաստանի_հետ_կապերի_հարցում_ՌԴ_փոխվարչապետ
Հայկական բիզնեսը Ռուսաստանի հետ կապերին շատ պրագմատիկ է վերաբերվում։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Պրիմակովյան ընթերցումներ» 10-րդ միջազգային գիտափորձագիտական համաժողովի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2024 12:55 Asia/Tehran
  • Հայկական բիզնեսը շատ պրագմատիկ է Ռուսաստանի հետ կապերի հարցում․ ՌԴ փոխվարչապետ

Հայկական բիզնեսը Ռուսաստանի հետ կապերին շատ պրագմատիկ է վերաբերվում։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Պրիմակովյան ընթերցումներ» 10-րդ միջազգային գիտափորձագիտական համաժողովի ժամանակ:

«Եթե խոսենք Անդրկովկասի տարածաշրջանի մասին, ապա Հայաստանը, իհարկե, առանձնահատուկ երկիր է, քանի որ տարածաշրջանի երեք երկրներից միակն է, որ ԵԱՏՄ անդամ է։ Եվ այդ իմաստով մաքսային սահման չկա, թեև Վրաստանը բաժանում է մեզ։ Բայց, այնուամենայնիվ, մեր առևտրատնտեսական կապերը շատ ինտենսիվ են զարգանում, հատկապես ինտենսիվորեն դրանք սկսեցին զարգանալ, երբ սկսեցին տեղի ունենալ ռազմական հատուկ գործողության հետ կապված գործընթացները», - ասել է Օվերչուկը։

Նա խոսել է նաև երկրների միջև ապրանքաշրջանառության բազմակի աճի մասին, որն այսօր կազմում է 7,3 մլրդ դոլար: Ընդ որում` Հայաստանից ՌԴ արտահանումը կազմում է 3,5 մլրդ դոլար: Սրանք, Օվերչուկի կարծիքով, բավական լուրջ թվեր են։

Բացի այդ, ըստ ՌԴ փոխվարչապետի, Հայաստանի տնտեսության աճը նույնպես հրաշքներ է ցուցադրում: 2022 թվականին այն կազմել է 12,6 տոկոս, անցյալ տարի՝ 7,8 տոկոս, այս տարի կանխատեսվում է որոշակի անկում, բայց 5 տոկոսից բարձր կլինի:

«Այդ պատճառով Հայաստանը շատ մեծ տնտեսական առավելություններ է ստանում ԵԱՏՄ-ի և նախևառաջ Ռուսաստանի հետ փոխկապակցվածությունից՝ որպես այդ միավորման խոշորագույն տնտեսություն», - նշել է Օվերչուկը:

Առևտրատնտեսական կապերից բացի, ըստ նրա, կան առավելություններ, որոնք պայմանավորված են ՌԴ–ից ՀՀ մատակարարվող ածխաջրածինների գների և համաշխարհային գների տարբերությամբ։ Առավելություններ կան նաև Հայաստանի պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։

«Այստեղ նույնպես, ոչ մեր գնահատականներով, մեկ տարվա ընթացքում մոտ $2 մլրդ առավելություն է լինում։ Ուստի հայկական բիզնեսը շատ պրագմատիկ է վերաբերվում Ռուսաստանի հետ հարաբերություններին», - ասել է Օվերչուկը։

Տնտեսության տեսանկյունից, նրա խոսքով, Մոսկվայում տեսնում են, որ Հայաստանը շահագրգռված է այդ կապերի զարգացմամբ։ Երևանը շատ ակտիվ է Եվրասիական տնտեսական միությունում, իսկ այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում։

Նշենք, որ հունիսի 12-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրին: