Ամուր գետի վրա ռուս-չինական զորավարժություններ են անցկացվել
https://parstoday.ir/hy/news/world-i219748-Ամուր_գետի_վրա_ռուս_չինական_զորավարժություններ_են_անցկացվել
Ռուս-չինական միջազգային զորավարժություններ են անցկացվել Ամուր գետի վրա՝ Բլագովեշչենսկ-Հեյհե անդրսահմանային ավտոմոբիլային կամրջի մոտ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մերձամուրյան շրջանի կառավարությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2024 14:43 Asia/Tehran
  • Ամուր գետի վրա ռուս-չինական զորավարժություններ են անցկացվել

Ռուս-չինական միջազգային զորավարժություններ են անցկացվել Ամուր գետի վրա՝ Բլագովեշչենսկ-Հեյհե անդրսահմանային ավտոմոբիլային կամրջի մոտ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մերձամուրյան շրջանի կառավարությանը։

«Բլագովեշչենսկում՝ սահմանային Ամուր գետի վրա, Բլագովեշչենսկ-Հեյհե միջազգային կամրջի շրջանում անցկացվել են ռուս և չինացի սահմանապահների համատեղ զորավարժությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Զորավարժությունների ծրագրի համաձայն՝ սահմանապահները պետք է ձերբակալեին երկու կողմից պետական սահմանը հատելու փորձ անող սահմանախախտների։ Նրանց կանգնեցրել են պահնորդական մոտորանավակերով և օդային բարձիկներով նավերով տեղաշարժվող թիմերը։

Պայմանական սահմանախախտներին, որոնք կարողացել էին հասնել ցամաք, սահմանապահները ձերբակալել են նաև ափին։ Զորավարժություններին մասնակցել են երկու պետությունների հարյուրից ավելի սահմանապահներ։

«Ռուս և չինացի զինծառայողների համատեղ գործողությունների արդյունքում պետական սահմանն ապօրինի հատելու փորձը կանխվել է, պայմանական սահմանախախտները ձերբակալվել են, դրված նպատակները կատարվել են»,-ասել է ՌԴ ԱԴԾ Ամուրի շրջանի սահմանապահ վարչության աշխատակից Սերգեյ Վյատկինը: Վարժանքն անցել է բարձր մակարդակով, այն ռուս և չինացի սահմանապահներին թույլ է տվել մշակել փոխգործակցությունը պետական սահմանը խախտելու փորձերի ժամանակ:

«Բլագովեշչենսկի և Հեյհեի շրջանում տեղակայված են մի քանի կարևոր անդրսահմանային օբյեկտներ՝ միջազգային կամուրջ, գազատար, էներգակամուրջ։ Կառուցվում է ճոպանուղի, որը մենք կգործարկենք հաջորդ տարի։ Ուստի անվտանգության հարցերն առաջին պլան են մղվում»,-ասել է շրջանի մարզպետ Վասիլի Օռլովը։

Նրա կարծիքով՝ զորավարժությունները հաջող են անցել, բոլորը բարձր մասնագիտական հատկանիշներ են ցուցաբերել։