Երևանում ԻԻՀ դեսպանը երախտագիտությն է հայտնել ՀՀ կառավարությանն ու հայաստանաբնակ իրանցիներին
Երևանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին մի ուղերձով շնորհակալություն է հայտնել Հայաստանում բնակվող և այս երկիր ճանապարհորդելու նպատակով այցելած իրանցիներին՝ ԻԻՀ նախագահական ընտրություններին մասնակցության համար։
Ուղերձում ասված է․ «Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին Հայաստանում ձեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը գովելի է։ Ձեր ներկայությունն այս եզակի ազգային իրադարձությանն, ինչպես նաև հայրենիքում ու այլ երկրներում իրանցիների պատմական մասնակցությունն ընտրություններին ազգային միասնության և համերաշխության խորհրդանիշ է և հպարտության աղբյուր: Այսօր մեր սիրելի Իրանը հպարտանում է իր հավատարիմ զավակներով ու ժողովրդով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր արժեքավոր մասնակցությունը»:

Դեսպանը հավելել է․ «Շնորհակալություն եմ հայտնում նաև բարեկամ և հարևան Հայաստանի կառավարությանը՝ համագործակցության և ընտրություններն անցկացնելու համար համապատասխան պայմաններ ապահովելու համար։ Վստահ եմ, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ավելի ու ավելի կզարգանան մեր երկրում նոր կառավարության հաստատմամբ, ինչպես նախկինում»։
Նշենք, որ ուրբաթ օրն Իրանում կայացած 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, 30 միլիոն 530 հազար 157 ընդհանուր հաշվարկված ձայներից ստանալով 16 միլիոն 384 հազար 403 ձայն, Մասուդ Փեզեշկյանն ընտրվել է երկրի 9-րդ նախագահ։ Փեզեշկյանի մրցակից Սաիդ Ջալիլին ստացել է 13 միլիոն 538 հազար 179 ձայն։
Իրանի նախընտրական շտաբը հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունը կազմել է 49,8%, 9,8%-ով ավելի, քան առաջին փուլում։