Պուտինը շնորհավորել է Փեզեշքիանին Իրանի նախագահ ընտրվելու կապակցությամբ
ՌԴ նախագահը Իրանի նորընտիր նախագահին մաղթել է հաջողություններ, քաջառողջություն և բարեկեցություն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին` Իրանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Հարգելի պարոն Փեզեշքիան, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ռուս-իրանական հարաբերությունները բարեկամական, բարիդրացիական բնույթ են կրում։ Մոսկվան և Թեհրանն արդյունավետորեն համակարգում են ջանքերը միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման ուղղությամբ», - ասվում է հեռագրում:
Պուտինը հույս է հայտնել, որ Փեզեշքիանի գործունեությունը կնպաստի բոլոր ուղղություններով կառուցողական երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ Ռուսաստանի և Իրանի ժողովուրդների, հանուն տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման: