Երևանում մեկնարկեց 21-րդ «Ոսկե ծիրանը»
Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը:
Այս տարի կինոփառատոնը կանցնի առանց ավանդական կարմիր գորգի։ 21-րդ կինոփառատոնի կարմիր գորգին կփոխարինեն նկարիչ Դավիթ Քոչունցի էսքիզներով հայ վարպետների կողմից պատրաստված գորգերը «Հղման կետ» (Point Of Reference) հավաքածուից:
Ինչից հետո էլ հյուրերը դիտեցին կինոփառատոնի բացման ֆիլմը, որն այս տարի աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Յոթ քողն» էր։
Ֆիլմի պրեմիերան կայացել է նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում։
«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է կրկնակի օսկարակիր, աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին է։
Նա ժամանել էր Երևան երեկ երեկոյան։
Հիշեցնենք` «Ոսկե ծիրանն» այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Նշենք նաև, որ «Ոսկե ծիրանն» այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: