Ճանապարհային հարկի արտոնություններ կսահմանվեն՝ Հայաստանի տարանցիկ դերը բարձրացնելու համար
ՀՀ կառավարությունն հուլիսի 11-ի նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին: Օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի տարանցիկ դերի բարձրացման և Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությամբ։
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացման և Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկը ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե վճարվող հարկ է: Ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ է համարվում ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը։ Ճանապարհային հարկը գանձում են մաքսային մարմինները՝ հանրապետություն մուտք գործելու յուրաքանչյուր 15 օրվա համար։ Ճանապարհային հարկի մեծությունը կախված է մեքենայի բեռնատարողությունից։
ԻԻՀ-ի հետ ներկայումս քննարկվում են երկկողմ բեռնափոխադրումների գործընթացը դյուրացնելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու հարցերը, որոնց շրջանակներում կարևորվում է երկուստեք բեռնափոխադրումների արտոնություններ սահմանելու հարցը։
Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում՝ ՀՀ կառավարությանը վերապահելով ճանապարհային հարկի արտոնություններ սահմանելու իրավասություն։ Կարգավորման նպատակը ճանապարհային հարկի նոր արտոնություններ սահմանելու կամ դրանք վերանայելու գործընթացը դյուրացնելն է, որը հնարավորություն կտա արտոնությունների սահմանման գործընթացը իրականացնել զուգահեռ մյուս կողմի պետության հետ։
Օրենքի նախագծով առաջարկվում է՝
Դեպի երրորդ երկիր Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման նպատակով բեռնատար տրանսպորտային միջոցներով ՀՀ–ն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողները՝ ՀՀ Կառավարության սահմանած՝ բեռնատար տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) երկրին, տեսակին և քանակին համապատասխան սահմանվել են ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերը։
Օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Նախագիծը որևէ ռազմավարական փաստաթղթի հետ կապ չունի։