Հարավային Կովկասի 3 երկրները պետք է այլընտրանքային, միասնական շուկա ստեղծեն. Մանասերյան
(last modified Tue, 16 Jul 2024 14:25:49 GMT )
Հուլիս 16, 2024 17:55 Asia/Tehran
  • Հարավային Կովկասի 3 երկրները պետք է այլընտրանքային, միասնական շուկա ստեղծեն. Մանասերյան

Հարավային Կովկասում կարելի է ձևավորվել ընդհանուր շուկա, որի միջոցով տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր կկարողանա պաշտպանել իր ազգային շահը և օգուտներ քաղել։

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց տնտեսագետ, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը` ներկայացնելով այլընտրանքային տարբերակը։

«Այս հարցում հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները պետք է քաղաքական կամք դրսևորեն` առանց ռազմավարական գործընկերների միջամտության։ Ի վերջո, դա պետք է տեղի ունենա, քանի որ ռազմավարական որևէ գործընկերոջ շահը մյուսների հետ չի բռնում։ Իսկ ովքե՞ր են մեր ռազմավարական գործընկերները` Ռուսաստան, Թուրքիա, ԱՄՆ»,– նշեց Մանասերյանը։

Ըստ նրա` այս երեք պետությունները երբեք չեն գա ընդհանուր հայտարարի, ու արդյունքում նրանց պատճառով երբեք խաղաղ իրավիճակ չի լինի մեր տարածաշրջանում։ Մանասերյանի խոսքով` նաև հենց այս պատճառով Հարավային Կովկասի երեք պետությունները պետք է միասին նստեն ու որոշեն իրենց ապագան, քանի որ նրանք աշխարհին իրենց փոքր շուկաներով այնքան էլ հետաքրքիր չեն։

«ՌԴ–ն Կովկասի մաս է աշխարհագրորեն, չեք կարող նրան ռետինով ջնջել։ Թուրքիան ու ԱՄՆ–ն Կովկասի մաս չեն։ Ադրբեջանում մի օր նավթը սպառվելու է, Վրաստանն աշխարհագրական իր բարենպաստ դիրքը չի կարող լիարժեք օգտագործել, եթե հարևան երկրները խաղաղ չեն։ Չմոռանանք նաև, որ Իրանը, ունենալով 90 միլիոնանոց շուկա, ԵԱՏՄ–ի հետ անցած տարի կնքեց համաձայնագիր»,– ընդգծեց Մանասերյանը։

Նրա խոսքով` միայն տարածաշրջանային միասնական այլընտրանքային շուկա ունենալուց հետո մեզ նման փոքր պետությունները կարող են իրենց թույլ տալ հայտարարել, որ որևէ այլ տնտեսական ինտեգրացիոն կառույց պետք չէ։ Իսկ մինչ այդ, ըստ տնտեսագետի, պետք է հաշվի նստել իրողությունների հետ ու ճիշտ կառուցել հարաբերությունները ռազմավարական, բարեկամ երկրների հետ։