Մեկնաբանություն - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքում փոփոխության անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, քննադատելով համաշխարհային զարգացումների հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաքայլ չլինելու հանգամանքը, հայտնեց իր աջակցությունը այս խորհրդի կառուցվածքի փոփոխությանը, ինչպես նաև այս մարմնում Աֆրիկայի ներկայացուցչի մշտական անդամակցությանը։
Օգոստոսին Անվտանգության խորհուրդը նախագահող Սիերա Լեոնեի կողմից կազմակերպված, «Անվտանգության խորհրդում Պատմական անարդարության վերացում և Աֆրիկայի արդյունավետ ներկայացուցչության ամրապնդում» խորագրով հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ասել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմն արտացոլում էր ուժերի հավասարակշռությունը, որը չի կարողացել թարմացվել համաշխարհային զարգացումներին համաքայլ։
Գուտերեշը հավելեց, որ ընդունելի չէ, որ խաղաղության և անվտանգության նշանավոր միջազգային կազմակերպությունը որևէ ձայն չունի մի մայրցամաքի համար, որտեղ բնակվում է ավելի քան մեկ միլիարդ մարդ, կամ որ թերագնահատվում են Աֆրիկայի տեսակետները այս և այլ մայրցամաքներում խաղաղության և անվտանգության հարցերի վերաբերյալ։ ՄԱԿ-ի բարձրագույն պաշտոնյայի կողմից Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության ընդգծումը արվում է այն դեպքում, երբ աշխարհի երկրների մեծ մասը, նույնիսկ Ռուսաստանը և Չինաստանը, որոնք Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, բազմիցս կոչ են արել փոխել ՄԱԿ-ի կառուցվածքը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի 10 ռոտացիոն և 5 մշտական անդամ, դրանք են՝ Ռուսաստանը, Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Չինաստանը, որոնք ունեն վետոյի իրավունք։ Այս խորհրդի հիմնական խնդիրն է պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, որը շեղվել է իր հիմնական առաքելությունից այս խորհրդի որոշ անդամների միակողմանի մոտեցման պատճառով և ցույց է տվել իր անարդյունավետությունը բազմաթիվ դեպքերում, ինչպիսին է պաղեստինյան հողերում Իսրայելի համատարած հանցագործություններն ու ցեղասպանությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից Անվտանգության խորհրդի կառուցվածքի փոփոխման անհրաժեշտության ընդգծումը արվում է այն դեպքում, երբ այս կազմակերպությունը, հատկապես վերջին տարիներին, տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի լուծման գործում բախվել է բազմաթիվ լարվածության դեպքերի ու անարդյունավետության խնդիրների, որոնց պատճառով բազմաթիվ քննադատություններ են ուղղվել այս միջազգային մարմնին։
Սա պատճառ է դարձել, որ շատ անդամներ չկատարեն այս կազմակերպության ցուցումները: Որոշ ազդեցիկ անդամներ, ինչպիսին է Միացյալ Նահանգները, ոչ միայն երբեմն չեն վճարել իրենց անդամավճարները տարբեր պատճառաբանություններով, այլև որոշ դեպքերում սպառնացել են այս կազմակերպությանը։ Այս սպառնալիքի և կազմակերպության աշխատանքի խափանման վառ օրինակն է ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի արարքը, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքը «հակաիսրայելական դիրքորոշումներ» որակելով լքեց այս հաստատությունը և թույլ չտվեց Միացյալ Նահանգների չմարված անդամավճարի վճարումը ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Բացի այդ, ՄԱԿ-ին առընթեր բազմաթիվ հաստատություններ և դրանց կառուցվածքը տարիներ շարունակ չեն թարմացվել, մինչդեռ միջազգային համակարգը այս ընթացքում էական փոփոխություններ է կրել։ Այդպիսով, ՄԱԿ-ի հետագա թուլացմանը զուգահեռ ավելի փոքր ու թույլ երկրներն ավելի են տուժել, քան հզորները․ տուժումներ, որոնց պատճառներն են հիմնականում պատերազմները, օտարերկրյա միջամտությունը կամ նույնիսկ կլիմայի փոփոխությունը, վարակիչ հիվանդությունների համաճարակները և կազմակերպված հանցագործությունները։
Այսպիսով պետք է ասել, որ Անվտանգության խորհրդի ներկայիս կառուցվածքը, ինչպես խոստովանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, շատ երկրների, հատկապես՝ նորահայտ տնտեսությունների տեսանկյունից, չի արտացոլում ներկայիս իրողություններն ու աշխարակարգը, և Անվտանգության խորհրդի ներկայիս կազմը, հատկապես նրա մշտական անդամները, ցանկալի չեն աշխարհի երկրների մեծ մասի համար։ Այդ իսկ պատճառով Անվտանգության խորհրդում երկրների ուշադրությունը գրաված ամենակարեւոր փոփոխություններն են նրա կանոնակարգի բարեփոխումը, վետոյի իրավունքի վերացումը և մշտական անդամների թվի ավելացումը։